▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավական մտորումներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին լայվի վերաբերյալ

Լսելով ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա ֆեյսբուքյան ելույթը՝ կցանկանայի կիսվել իրավական խնդիրներով: Այսպես՝

1. Նախարարի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ՙտուշոնկաներ՚, ՙչարաշահումներ՚, ՙթալան՚, ՙվատնումներ՚, ՙբժիշկների կողմից տարիներ շարունակ աշխատավարձ չստանալ՚ և ՙութ հազար դրամի դիմաց 200 հազար դրամ գանձել՚ արտահայտությունները նպատակ ունեն բացասական տրամադրվածություն ստեղծել հասարակության մեջ և ակնհայտորեն պարունակում են զրպարտության հատկանիշներ: Նշված հայտարարությունները մտացածին են և չեն պարունակում դրանք հավաստող որևէ փաստական տվյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. ՙ99 տոկոսը վստամ եմ, որ առկա են քրեական տարրեր՚, ՙԿազմակերպված, խմբակային հանցավորություն՚, ՙկազմակերպված հանցավորության բանդա՚, ՙբանդայի պարագլուխ՚, ՙշորթվել են պետությունից՚ ձևակերպումների օգտագործումը ակնհայտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը և հանդիսանում է ուղղակի միջամտություն նախաքննություն իրականացնող մարմինների գործողություններին:

3. ՙԵվ ոչ թե սպասելու տարբեր իրավական գնահատականներին՚ արտահայտությունն ապացուցում է, որ բժշկական հաստատության տնօրենին աշխատանքից ազատելը կապված է ոչ թե ՙչարաշահումների՚, ՙվատնումների՚ և այլնի հետ, քանի որ դրանց առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել կամ հերքվել միմիայն դատաիրավական համակարգի կողմից տրված իրավական գնահատականներով, այլ բացառապես նախարարի անբեկանելի քմահաճույքի հետևանք է:

4. ՙԱռողջապահության աղբյուրի վրա նստած վիշապը՚ ձևակերպումը ակնհայտորեն պարունակում է վիրավորանքի հատկանիշներ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացնելու է բացասական իրավական հետևանքներ ՀՀ առողջապահության նախարարի համար:

5. ՙՎիշապը պետք է գլխատվի՚ բառակապակցությունը գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից ցանկացած, այդ թվում՝ ապօրինի մեթոդներով պայքարի ազդարարում է բժշկական հաստատության ղեկավարության դեմ:

 

 

 

 

 

 

 

6. Առանց որևէ հավաստի տվյալ մեջբերելու ՀՀ առողջապահության նախարարը բժշկական հաստատությանը մեղադրում է գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պարբերական խախտումների մեջ:

7. Ստորագրահավաքների վերաբերյալ հնչեցրած մտքերն ապացուցում են բժշկական համայնքի նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի մոտ առկա բացասական վերաբերմունքը: Դա հավաստվում է նաև նրանով, որ նախարարի կողմից նշանակված ստուգման ընթացքում երբևիցե որևիցե գրավոր պարզաբանում կամ բացատրություն չի պահանջվել բժշկական հաստատության ղեկավարությունից:

Եզրափակելով վերոգրյալը՝ խորհուրդ կտայինք ՀՀ առողջապահության նախարարին ապագայում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերների բովանդակությունը նախապես քննարկել իրավաբանների հետ՝ նմանատիպ կոպիտ վրիպումներից զերծ մնալու համար:

 

Արմինե Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին