«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նախօրեի իր հարցազրույցում վստահեցրել է, որ շարժումը չի հրաժարվելու իշխանափոխության իր քաղաքական օրակարգից, պարբերաբար շարունակելու է երթերն ու հանրահավաքները: «Մենք այս ընթացքում գիշեր-ցերեկ աշխատում ենք: Շարժումը շաբաթվա ակցիաները, հանրահավաքները պահելու է: Գոյություն ունի ձևավորված տասնյակ հազարանոց մարդկանց կազմակերպված վիճակ, որ պիտի շարունակվի, մինչև հասնենք սրանց վռնդելուն: Հիմա ամառ է, թող ասեն, խոսեն, ուրախանան, ծափ տան, իրար ոգևորեն»: Ըստ ընդդիմության ներկայացուցչի՝ իշխանության պահվածքն ունի մեկ ուղերձ. «Իրենք իրենց հույս են տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ տեսնում եք, որ Նիկոլը, Ալենը մեծ-մեծ խոսում են, իրականում միշտ մտածում են՝ ոնց են դուրս գալու այս ամենի տակից: Բայց քանի որ ունեն թիմ՝ ոստիկանություն, որին պիտի դուխ տան, դատախազություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, որ ստրկաբար ծառայում են էս դավաճաններին, ցույց են տալիս, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք ժամանակավոր չեն, իսկ օրվա ընդդիմությունն ու շարժումը պարտվել է: Իրենք լավ գիտեն, որ շարժումը չի մարելու, գիտեն, որ չեն մարսելու: Էս վերջին լկտի պահվածքից հետո, ասեմ՝ իրենք այս երկրում գերեզման էլ չեն ունենալու, իրենք ճակատագիր չունեն»,- ընդգծել է Սաղաթելյանը: Վերջինի համոզմամբ՝ իշխանության «կյանքի նպատակը» իրենց չեզոքացնելն է. «Ձեռքներին ճար լինի, մեզ Ալիևին էլ կհանձնեն, բայց չեն կարողանալու. իրենք պետք է գնան, որովհետև հայ ժողովրդի թշնամին ու դահիճներն են…»,- ասել է նա: |