Այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, 168 TV-ի եթերում հրաժարվել է պատասխանել հարցին, թե «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումն իր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞՝ ոչ:
Հարցին, թե արդյոք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործո՞ւմ են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք, ՀՖՖ նախկին նախագահ Վանեցյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»:
Եթերի ընթացքում նա նշել է, որ իր համար սպասելի էր ֆեդերացիայում իր դեմ սկսված դեմարշը:
Վանեցյանն այն կարծիքին է, որ հանրությունը մոլորության մեջ է:
Նա նաև նշել է, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում և որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում:
Վանեցյանը եթերի ընթացքում խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունում իր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞՝ ոչ:
«Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու»,- ասել է նա:
Խոսելով իր հետագա գործունեության մասին՝ Վանեցյանն ասել է. «Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: