▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Համախմբում` ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության:

Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության:

Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա, և իրեն հայ է համարում, պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ:

Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում: Մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները: Ինչ-որ մեկից նեղացել եք, թե ոչ, գաղափարական եք, թե անգաղափար, ռուսամետ եք, թե արևմտամետ, քաղաքականությամբ հետաքրքրված եք, թե ոչ, հայրենասեր եք, թե կոսմոպոլիտ, քյավառցի եք, մշեցի, թե սյունեցի... Այդ և նմանատիպ տարբերակումներն այսուհետ միայն վնաս են բերելու: Համախմբվել է պետք հանուն անանց արժեքների, հանուն ամենակարևորի:

Այլապես կորցնելու ենք ամեն ինչ. պատիվ, գործ, բիզնես, անվտանգություն, ինքնություն, կրթվելու, ստեղծագործելու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորություն...

Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք` մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան, ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել:

Արդյոք պե՞տք է հաշտվենք կործանարար իրականության հետ: Արդյոք պե՞տք է մեզ համարենք անկարող և հետևենք, թե ինչպես են մեզ խաբելով ու մանր հարցերի վրա ուշադրություն շեղելով` հանձնում թշնամու «բարեհաճությանը»:

Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ և ակամայից թվում է, թե մենք, որպես ազգ, անզոր ենք դրա դեմ: Այո՛, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ և դավադիր պարտություն ենք կրել: Այո՛, քաղաքական ուժերից շատերը չունեն լայն հեղինակություն և ի զորու չեն միայնակ առաջնորդել: Այո՛, բոլորս մտածում ենք խաղաղության մասին և ստիպված համակերպվում ենք կատարվողի հետ:

Բայց դա չի նշանակում, որ միմյանց մեղադրելով` պետք է համակերպվենք Արցախի հայաթափման ու հայկական պետականության կորստի հետ, քայքայենք մեր պաշտպանունակությունը, թուլացնենք մեր դիմադրողականությունը, դառնանք անկազմակերպ հանրույթ և կրկին հայտնվենք ցեղասպանության վտանգի տակ:

Սա ենթադրություն չէ, այլ՝ դաժան իրականություն: Ելքը մեկն է. համախմբում` ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին