Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն կնկարահանվեն են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմում, հայտնում է Variety ամերիկյան հանդեսը:
Ջեյմս Քրոմվելն էկրանին կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում, իսկ Ռենոն` ֆրանսիացի ծովակալին: Վերջինս հայ հանդիսատեսին հայտնի է «Լեո» մարտաֆիլմից:
Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում և կշարունակվեն մինչև դեկտեմբեր:
Պատմական ժապավենը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով: Ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որը ծավալվում է 1922 թ.` Օսմանյան կայսրության վերջին տարիներին:
Հավելենք, որ «Խոստում» ֆիլմը ամերիկահայ գործարար, միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի վերջին մտահղացումն էր: Վերջինս նախքան իր մահը հոգացել է այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:
Հիշեցնենք, որ Քըրք Քրքորյանը մահացել է այս տարի` հունիսի 16-ին 98 տարեկան հասակում: