Մասնագետների գնահատմամբ`ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում: Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է: Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ շաքարային դիաբետ, հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ, որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղու հիվանդություններ: Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ: Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը: Չափազանց կարևոր է` սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին, ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար, Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետևաբար և կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն:
Ճարպակալում և ավելորդ քաշ. մարտահրավեր առողջությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet