▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջհանդամ գյոռ, ես եմ հրապարակելու էդ խայտառակ թվերը․ ընդդիմադիրը՝ ֆիննախին

Ջհանդամ գյոռ, ես եմ հրապարակելու էդ խայտառակ թվերը․ ընդդիմադիրը՝ ֆիննախին

«Այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ անձնագիր ունեցող քանի՞ քաղաքացի է մեկնել Հայաստանից և որքան աշխատատեղեր են կրճատվել»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցն ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ Վերջինս ասաց, որ այս պահին չի կարող պատգամավորի հարցին հստակ պատասխանել:
«Լավ, դուք չեք կարող ասել, ես ասեմ։ Երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի քանակը 15 հազ 700 է, կրճատված աշխատատեղերինը՝ 16 հազ 900, ընդ որում՝ մասնավոր հատվածում՝ 12 հազ 300 ստեղծվել է, 12 հազ 700 կրճատվել է։
Խոսում եք, որ «հեսա-հեսա գալու ենք, պատմության անիվը շրջենք», ՀՀ փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 հազ 366 մարդ։ Գուցե թողնեք էդ պատմության անիվը նորմալ գնա՞, ինչքան փորձում եք շրջել, էնքան ավելի վատ է լինում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

***

ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, խոսելով հարկ վճարողերի մասին, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները։ Նրա հնչեցրած կարծիքին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Հարկ վճարելը պարտականություն է, ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը, անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է։ Հարկ վճարողը ոչ թե կենաց է ուզում ձեզնից, այլ ուզում է կանխատեսելի հարկային դաշտ, որ իր տված հարկը չմսխվի, քամուն չտրվի։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն անգամ մեկ ժամվա կանխատեսելիություն չունեն, չգիտեն՝ մի ժամ հետո ինչ է տեղի ունենալու, հեծանվով ուր են գնալու։ Հարկ վճարողն էս պայմաններում ի՞նչ կանխատեսելիություն ու հաշվարկներ պետք է ունենա»,- ասաց Խամոյանը։

***

ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով, թե տուգանքների նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։
«Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։

***

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Անդրադառնալով արտաքին պարտքին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ 2025 թվականին նորածնից մինչև ծերունի շուրջ 12 հազար դրամ պետք է վճարեն պետական պարտքի համար։ Նախարարը որոշ պարզաբանումներ ներկայացրեց․ «2025 թվականին կարիք ունենք ապագայից որոշ ծրագրեր առաջ բերել, որով էլ պայմանավորված է բյուջեի 5,5 % դեֆիցիտը, ինչը 609 մլրդ դրամ է կազմում։ Մենք բյուջետային փաստաթղթում նաև ներկայացրել ենք առաջիկա տարիների ֆիսկալ շրջանակը, որտեղ ցույց ենք տվել, թե ինչպես ենք առաջիկա տարիներին իջեցնելու այդ դեֆիցիտի մակարդակը։
Կառավարության ծրագրում գրվածն իրականացրել ենք և 2024 թվականի արդյունքներով գրեթե հասել ենք ներքին և արտաքին պարտքի 50-50 հարաբերակցության։ Նշեմ, որ քննարկվում են նաև բնապահպանական ծրագրերի միջոցով պարտքը նվազեցնելու ծրագրեր, որից մեծ ակնկալիքներ, սակայն, սպասել պետք չէ»,- ասաց Հովհաննիսյանը։
Արծվիկ Մինասյանը հետաքրքվեց նաև՝ նոր մանկապարտեզներն ու դպրոցները արտաքին միջոցների հաշվի՞ն են կառուցվում․ «Չեք նշում, որ դպրոցների և մանկապարտեզների կառուցումն իրականացվում է արտաքին պարտքի հաշվին՝ այն դնելով բոլոր սերունդների ուսերին»,- ասաց Մինասյանը։ Նախարարը հակադարձեց՝ պատասխանելով․ «Մի ծրագիր ունենք, որ իրականացվում է վարկային միջոցներով, դա Ասիական զարգացման բանկի հետ դպրոցների սեյսմիկ շինարարության ծրագիրն է։ Մնացած դպրոցները կառուցվում են սեփական եկամուտների հաշվին, բայց կա դեֆիցիտ, որով ֆինանսավորում են այդ սեփական եկամուտները։ Դեֆիցիտը նրա համար է, որպեսզի ֆինանսավորենք կապիտալ ծախսերը, ինչը կարևոր ներդրում է մեր ապագայի համար»,-ասաց նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին