Asekose.am-ը իր ընթերցողից ստացել է նամակ` «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև տեղի ունեցած միջադպի մասին: Այն ներկայացնում ենք ստորև.
Կար ժամանակ, որ մեզանում բժշկությունն անվճար էր, «շնորհակալության» շուրջ պայմանավորվում էինք բժշկի ու նրա անձնակազմի հետ, մի քիչ ավելի-մի քիչ պակասով հաշտվում, բուժվում էինք։ Երանելի սովետական տարիներ։ Հիմա զարգացել ենք։ Հիմա ապահովագրություն ունենք. «Նաիրի ինշուրանս». հասկացա՞ք։
Բայց ապահովագրություն կիրառելու մշակույթ չունենք ո՛չ ապահովագրողի, ո՛չ ապահովագրվողի, ո՛չ էլ երրորդ՝ բուժհիմնարկի կողմից։
Ոչինչ էլ չի պատահել. տարիք է. ոսկորները փխրուն են դառնում։ Ու՝ մեծ չէ, ընդամենը ճկույթդ ես ջարդում։ Նախ՝ համոզվենք, որ ջարդվածք չէ։
Ռենտգեն՝ 5000։ Լավ, ոչինչ։ Էդքան ունեմ գրպանումս։ Ցավում ենք, կոտրվածք է, գիպս դնենք։ Իհարկե՝ ճկույթը ազդր չէ, ծունկ չէ, թև չէ, բայց արժե, որ առողջ լինի։ Գիպս դնենք։
-Մեզ մոտ գիպսն արժե 27.000 դրամ։
Ներում-բեկում չկա՝ 27.000։ Հիշեցնե՞մ, որ գիպսի կիլոգրամը խանութում 100 դրամ է։
Բարեբախտաբար (թե՞ դժբախտաբար) բժիշկների ծառայությունից էնքան քիչ եմ օգտվում, որ պատկերացում անգամ չունեմ «բժշկական» գներից։ Բայց մատն ի՞նչ մեղք ունի, այն էլ՝ ճկույթը՝ փոքրիկ, անօգնական, կախ ընկած…
Էստեղ հիշում ես ապահովագրությունդ։ «Նաիրի ինշուրանս»։ Բա ո՞ր օրվա համար է։ Ասում են՝ այո՛, կլինի։ Բայց վճարել ես արդեն ռենտգենի համար։ Վճարիր նաև սա, հետո քեզ ապահովագրական գործակալությունդ կփոխհատուցի։ Ճշտում ես գործակալությունիցդ։ Կփոխհատուցի, հաստատում է։ Հավաքում ես պահանջված ու չպահանջված, բայց մյուս կողմից առաջարկված բոլոր թղթերը ու հասնում գործակալություն։ Այդպես է, բոլորն էլ պետք էին, մի քանիսը՝ երկու օրինակից։ Մի՛ անհանգստացեք։ Հիմա իրենք կբազմացնեն։ Ինչպիսի՜ հոգատարություն…
-Հա,- ասում են,- կփոխհատուցենք։ Սպասեք։
Երկու, երեք, հինգ, ութ շաբաթ…
Բազմաթիվ զանգերից հետո (նաև ոստիկանություն, որովհետև ուշացումը կապում են ոստիկանությունից ստացվելիք պատասխանի հետ), վերջապես զանգում են՝ աչքալուսանք տալու.
-Գիտե՞ք ինչ, ձեզ միայն մի մասն ենք փոխհատուցելու, որովհետև Ձեր 27.000-ի մեջ մտել է նաև ամբուլատոր բուժումը։
Մեղա՜, տեր. որևէ մեկը կբացատրի՞՝ գիպսի ամբուլատոր բուժումն ինչ է։
Արդեն նյարդերս չեն դիմանում «Նաիրի ինշուրանսի» թափթփված, անպատասխանատու, անկազմակերպ գործելակերպին։ Ու էստեղ պարզում եմ, որ բուժհիմնարկն էլ մի բարի պտուղը չի…
Սա իմ երկիրն է։ Ու ես, չգիտես ինչու, տեսնես ի՛նչն եմ սիրում էս երկրի։
Սնխչի տատս միտս եկավ. հիմա երկու ձու կծփեր, կքսեր մատիս։ Ո՛չ բժիշկների դռների առաջ իզուր ժամանակս տանուլ կտայի, ո՛չ «Նաիրի ինշուրանսի» հետ՝ նյարդերս։ Ու, ամենակարևորը՝ մատս կկպներ։
Հասմիկ Ղազարյան
Asekose.am-ը պատրաստակամ է ներկայացնել նաև «Նաիրի ինշուրընս»-ի տեսակետը միջադեպի կապակցությամբ: