▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովո՜ւրդ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել է». Բագրատ Սրբազանը` Մեղրիում

Մտերմիկ զրույց Մեղրիում՝ «Ոսկեպարի» ցանկապատը գտնվել է, պարզվում է` Ագարակում է

Մեղրիում բնակիչների հետ զրույցում Բագրատ Սրբազանը պատմեց Շուռնուխում Նիկոլ Փաշինյանի ցույց տված հայտնի ցանկապատի պատմությունը:

«Պատկերացրեք` գնացել եմ Տավուշ, հատ-հատ բոլորին հարցրել` ուր է ցանկապատը, չկա»,- ասաց Սրբազանը:

Նրան մեղրեցիներից մեկը պատասխանեց. «Էդ ցանկապատը մեր մոտ ա, Ագարակի ճամփի վրա, էս անգամ որ եկել ա, նկարել ա, էլի»:

«Ժողովո՜ւրդ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել ա: Մեր հայրիկներն ասում են` Ագարակի ճամփի վրա է: Վերջապես գտնվել է»,- բացականչեց Բագրատ Սրբազանը:

***

«Հայրենահանձման սարսափելի գործընթացը, այն աղետը, որ տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է Սյունիք, Գեղարքունիք, Արարատ և տևապես շարունակվելու է: Այս շարժումը ծնվել է` այդ գործընթացը կասեցնելու: Հաջողել ենք, թե չենք հաջողել, ես կասեմ, ինչ-որ չափով հաջողել ենք. պետք է գիտակցենք, որ մենք գործ ունենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի հետ»,- Մեղրիում իր հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Հանձն եմ առել, որ մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Անկախ նրանից ինչ կպատահի կյանքում, անգամ եթե մեն-մենակ մնամ, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար այդ հանձնառությունը մեր շարժման դրոշն ու կնիքն է։
Ինձ համար սա նաև մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության հարց է։ Ես կուզեմ, որ յուրաքանչյուր մարդ այս ամենն անձնական դարձնի»,- Մեղրիում կայացած հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Մեղրիում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց Կիրանցում տիրող իրավիճակը. «Կիրանցում մի արժանապատիվ մարդ հրաժարվում է դուրս գալ իր փոքրիկ տնակ-վաճառատնից: 50 հազար դոլար են առաջարկում, որ դուրս գա: Տղան ասում է` այս տնակս 1000 դոլար էլ չարժի, դուք ինձ ինչու եք 50 հազար տալիս, ում փողից եք տալիս, որ բյուջեից, որտեղից եք տալիս, որևէ օրինական կետ կա՞, որ տալիս եք: հետո էլ ստիպում են, որ դիմում ստորագրեն` փոխհատուցման համար` երեք տեղ գրված` «խնդրում եմ»: Մարդուն տնից հանում են ու ասում են` մի հատ էլ խնդրեք, որ ձեզ փող տան: Այնպես են ձևակերպում, որ ստացվի` մարդն է խնդրում, որ իր տնից իրեն հանեն: Չի ավարտվել պատերազմը երբեք, թշնամուն ավելի են մոտեցրել մեր տներին»:

***

«Տավուշում սահմանազատում-սահմանագծում տեղի չի ունեցել և որևէ տեղում չի լինելու: Լինելու է միայն հանձնել, հանձնել և միայն հանձնել: Մենք ականատեսն ենք հենց այս վերևում` Գորիս-Կապանի ու մյուս հատվածների ուղղակի հանձնմանը: Սա հակառակ է մեր Սահամանադրությանը, միջազգային սկզբունքներին: Ոչ մի երաշխավոր չկա: Թշնամին թելադրում է, սրանք էլ անում են: Դեռ չվերջացրած, հիմա էլ ասում է` Սահմանադրություն կփոխես: Ինչ թելադրում, այն էլ անում է: Մեր պայքարը սրա դեմ է, մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում»,- Մեղրիում քաղաքացիների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

***

«Մենք պետք է չարիքը կտրենք մեր երկրից: Այս պայքարի թիրախը չարիքն է, եթե այն վերացնենք, մեր կյանքի դժբախտությունները չեն լինի»,- Մեղրիում ընթացող հավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Մինչև հիմա մենք փորձել ենք հասնել մի աստիճանի, որ կարողանանք այս մարդկանց հաշտության գաղափարով ճանապարհով: Բայց հունիսի 12-ը մեզ համար ջրբաժան էր: Բեկորային ռումբերը մարդկանց վրա է նետել այն կառավարությունը, որ հայտարարել էր, թե այլևս ռումբերը չեն պայթելու, ջրցան մեքենաները միայն ծաղիկներ են ջրելու:

Ինչո՞ւ է մեր երկրում ամեն ինչ քայքայվում, որովհետև ստի վրա է հիմնված:
Երկրորդ շրջանն ենք մուտք գործել ու շատ կարևոր է, որ բոլորին հասանելի լինենք ամբողջ երկրի տարածքով:

Մեր շարժումն արժեքների փոփոխության մասին է, իսկ իշխանափոխությունը մի փոքր մասն է միայն:

Եթե արժեքների փոփոխության չհասնենք, հաջորդ իշխանությունն ավելի վատն է լինելու, որովհետև հիմք չի ունենալու»,- նշեց նա:

***

Մեղրիի բնակիչներն, ովքեր եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հաստատեցին լրագրողի դիտարկումը, որ ոստիկանությունը նկարահանում է բոլոր մասնակիցների դեմքերը, անգամ նրանցն, ովքեր պատուհաններից են ողջունում: «Դա է պատճառը, որ շատերը վախենում են գալ Սրբազանի հետ հանդիպման»,- ասացին նրանք:

Հարցին` իսկ ինչից են վախենում, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն, պատասխանեցին` Երևանում ի՞նչ արեցին:

Մեղրեցիները նաև հավաստիացրեցին, որ իրականում Բագրատ Սրբազանին աջակցողների, նրան հավատացողների թիվը շատ-շատ է` չնայած հանդիպման եկածների սակավ քանակին:

***

Մեղրիի բնակչուհին, ով եկել էր դիմավորելու Բագրատ Սրբազանին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մեղրիում կյանքը պատերազմից հետո չափազանց տխուր է: «Եկել եմ Սրբազանի մոտ, որովհետև հավատում եմ, որ նրա միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին