Երեկ ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Կարինե Յուրիկի Ղուկասյանը։
Սա, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանից հետո՝ 10-րդ կալանավորումն է՝ Վարդան Ղուկասյանի շրջապատից: Ավելի վաղ, կալանավորվել էր նաև Լուսինե Ղուկասյանը:
Կարինե Ղուկասյանը միայնակ մայր է՝ ունի 4 տարեկան աղջիկ, որի միակ խնամատարն է:
«Մեր թիմակիցների կալանավորումներն ու ձերբակալումները շարունակվում են։ Յուրաքանչյուր մեր թիմակից, ով ընկնում է քննչականի ձեռքը, ենթարկվում է անմարդկային խոշտանգումների։ Համոզված եմ՝ Բաքվի բերդերում նման խոշտանգումներ տեղի չեն ունենում, ինչպես Հայաստանում իմ թիմակիցների հետ տեղի է ունենում»,-իր հարցազրույցներից մեկում նշել էր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով իր թիմակիցների կալանավորումներին:
Ըստ ՀՀ ՔԿ-ի, Կարինե Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում. Նշվում է, թե. «Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։ Պաշտոնատար անձը օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին»։
Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին բավարարվել է, և նա կալանավորվել է։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: