«Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման մեջ որևէ սենսացիա չկա»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Գ. Սահակյանը հավաստիացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Մոսկվա մեկնելն իր կուսակիցների հետ քննարկել է ամեն ինչ: Ինչ վերաբերում է այլ պատգամավորների դժգոհություններին, թե որոշման մասին իրենք տեղեկացված չեն եղել, Գ. Սահակյանը պատասխանել է.
«Նրանք մեր կուսակցության անդամ չեն, այդ իսկ պատճառով էլ նրանց հետ հարցը չի քննարկվել»:
Ինչ վերաբերում է ժողովրդի կարծիքը հաշվի առնելուն, ապա ՀՀԿ ղեկավարն ասել է.
«Որոշումները կայացնում է նախագահը, դա իր լիազորությունների շրջանակում է: Այլապես եթե այդպես լինի, ապա ցանկացած պայմանագիր որ կնքվում է պետք է ժողովրդի հետ քննարկվի, նոր կնքվի՞»,- նշեց նա ու հավելեց՝ երբ գա ժամանակը և փաստաթուղթը բերվի Ազգային Ժողով, այդ ժամանակ էլ կքննարկվի պատգամավորների մասնակցությամբ:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը, Գ. Սահակյանի հավաստմամբ, չի սպառնում ՀՀ սուվերենությանը. «Այդպես որ լինի ամբողջ աշխարհը սուվերենություն չի ունենա, քանի որ մի պետությունը մեկը մյուսի հետ փոխհարաբերությունների մեջ է»:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի խորհրդականի հարցազրույցին, որտեղ ՌԴ խորհրդականը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ, emedia.am-ի փոխանցմամբ Գալուստ Սահակյանն ասել է.
«Դա իհարկե վիրավորում է և ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պետք է ասի հայերին և միշտ մտածեք, որ որևէ միջոց չի կարող լինել, որ մեր կշիռները ցածրացնենք մեր անկախությունը տանելու հետ։ Նախ Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի, իսկ հայը հայամետ է և Հայաստանի շահերը պաշտպանող»: