Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ մարտի 13-ին, «Կամի ակումբում» տեղի ունեցավ «The Band»-ի առաջին պաշտոնական տեսահոլովակի փակ պրեմիերան եւ «Էթնո-ֆանկ» էքսպերիմենտալ նախագծի առաջին համերգը:
«Վերջապես կայացավ մեր սպասված տեսահոլովակի փակ պրեմիերան, որի հեռուստատեսային ցուցադրությունը կկայանա հաշված օրեր հետո: Ուրախ ենք, որ երեկ մեր գործընկերների եւ հյուրերի կողմից արժանացանք բարձր գնահատականի, դա մեզ շատ է ոգեւորել»,- մեզ հետ զրույցում ասաց «The Band»-ի վոկալիստ Կարինա Առուստամյանը:
«Տեսահոլովակը նկարահանվել է «Նարե, նարե» երգի հիման վրա, այն հայտնի ժողովրդական երգի եւ Բեյոնսեի «Beautiful Liar» ու «Naughty Girl» երգերի միախառնումից ստացված նոր, շատ հետաքրքիր երգ է, որի ստեղծման եւ տեսահոլովակի նկարահանման համար աշխատել է շուրջ 60 մարդ: Այս տեսահոլովակում շեշտը դրել ենք ոչ միայն երգի, այլեւ պարի վրա, որը բեմադրել է Հովհաննես Սարգսյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, կցանկանամ նշել նաեւ դիզայներ Անուշ Հովհաննիսյանին՝ զգեստների հեղինակին»,- պատմեց Կարինան, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից:
Տեսահոլովակի շնորհանդեսից հետո խումբը կենդանի համերգով է հանդես եկել՝ ներկայացնելով «Էթնո-ֆանկ» էքսպերիմենտալ նախագծի շրջանակներում ստեղծված ազգագրական հնչյուններից ու հայտնի հիթերից ստեղծված կատարումները:
«The Band»-ը «Էթնո-ֆանկ» էքսպերիմենտալ նախագծի շրջանակներում նախատեսում է շուտով թողարկել առաջին ձայնասկավառակը, իսկ մինչ այդ նրանք խոստանում են ակտիվ գործունեություն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում