▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով

Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ տարված աշխատանքների արդունքում մի շարք որոշումներ են ընդունվել, ընդլայնվել է առանց մաքսատուրք ԵԱՏՄ անդամ երկիր ներմուծվող բժշկական սարքավորումների ու հումքի ցանկը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Արդեն հայտնի է, որ մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում էր կայացվել, համաձայն որի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել խորհրդի հերթական նիստի ժամանակ եւ ցանկն ընդլայնվել է»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաեւ դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին։

Այդ ապրանքատեսակների ներմուծման դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում հայտ է ներկայացնում առողջապահության նախարարություն եւ դրական եզրակացություն ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ կամ ԵԱՏՄ այլ անդամ երկիր՝ զրոյական մաքսատուրքերով։

«Ցանկն ընդլայնվել է, ցանկում առկա են բոլոր այն բժշկական սարքավորումները եւ հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների հետ կապված ժամկետը գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ այն տարածվում է մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա»,- ասաց Սիմոնյանը։

Բացի այդ փոխնախարարն անդրադարձավ նաեւ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված որոշմանը, որով ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ն արգելվել է որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։

«Կուզեմ նշել, որ այս սահմանափակումը 3 ամիս ժամկետով է, բայց սահմանափակումը գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների վրա այդ արգելքը չի տարածվում, եթե ներմուծում ենք այդ ապրանքատեսակը։ Միաժամանակ, արգելքը նաեւ չի տարածավում հումանիտար նշանակության բեռների փոխադրման վրա»,- ընդգծեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այն վերաբերվում մի շարք ապրանքների, սակայն որոշումը դեռ չի հրապարակվել. «Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի եւ մի շարք այլ ապրանքատեսակների մասին, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով։ Օրինակ՝ եթե կան ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքը 10 կամ 13 տոկոս է, կամ յուրաքանչյուր կիլոգրամից գումար է գանձվում, երեք ամիս ժամանակահատվածով դրանք կզրոյացվեն»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին