▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ն հայտարարեց վերահաշվարկի մասին

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դմումներին։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում»:

Թարմացված. Անկախ դիտորդը հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընտրություններից հետո երկրորդ օրը պարտադիր սկսում են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։
Վերահաշվարկ կատարում են երեք հիմքով և նշված հերթականությամբ
ա․ Վիճակահանությամբ ընտրվում են պատահական 3 տեղամաս
բ․ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նախատեսում է վերահաշվարկ տվյալ տեղամասում, որովհետև խնդիր է նկատել կամ արձանագրության մեջ հատուկ կարծիք գրած ՏԸՀ անդամը դիմում է ներկայացրել
գ․ Ներկա գտնված վստահված անձը կամ թեկնածուն դիմել են վերահաշվարկի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմողը հետո հրաժարվի կամ բացակա լինի, վերահաշվարկ իրականցվում է, եթե դիմումն ընդունվել է։
Այս պահին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է պարտադիր վիճակահանությունը։

Թարմացված. Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զավեշտը գիտե՞ք՝ որն է. Նիկոլը 2018 թվականի թավշյա խուժանությունից հետո շուրջ հազար անգամ հայտարարել է, թե ՀՀ քաղաքացին այլևս վստահ է, որ իր ձայնով երկրում իշխանություն է ձևավորելու, ընտրություններն այլևս ազատ են, արդար, ժողովրդի ձայնն այլևս չեն գողանալու և այլն, իսկ էսօր հենց իրենք են քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջ դրել՝ ժողովրդից գոնե 300 ձայն գողանալու համար»:

Թարմացված.Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք։
Այս լուրը զավեշտալի կհնչեր, եթե առավոտյան չլիներ ևս մեկ լուր։
Եվ այսպես, ըստ օդում կախված լուրերի՝ վերահաշվարկին ընդառաջ՝ քպ-ն հանձնաժողովի իր անդամների ու վստահված անձանց համար կազմակերպել է մաթեմատիկայի ինտենսիվ դասընթաց։ քպ-ականներին կդասավանդեն թվաբանություն և հաշվողական հմտություն։
Տրվելու են սերտիֆիկատներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին