***
***
***
Ինչպես հայտնել էինք, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է, որտեղ բերման են ենթարկվել ճանապարհը փակած ավելի քան 30 կիրանցի տղամարդիկ: Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանական ուժերը ճանապարհներն ամբողջությամբ շրջափակել են․ «Ճանապարհը փակ է Բաղանիսի կողմից, Սարի գյուղի կողմից, այսինքն՝ ամբողջությամբ շրջափակել են, ո՞ւմ են շրջափակել, ինչո՞ւ են շրջափակել։ Փորձելու են բռնի ուժ կիրառելով իրենց ականազերծման սև գործն անել։ Փաստացի ՀՀ իշխանությունները սեփական պետության և սեփական ժողովրդի դեմ անցել են լայնածավալ ահաբեկության և հանցանք են գործում սեփական հայրենիքի և սեփական տան ճանապարհին կանգնած մարդկանց նկատմամբ, ինչը ոչ միայն անընդունել է, այլև դատապարտելի»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ վստահեցնելով, որ սրանով չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ ետ պահել պայքարից: *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:
Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում:
Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում:
Գառնիկ Դանիելյանը նաեւ տեսանյութ է տարածել:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել:
***
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկանական մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ: Նրանք բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել 31 քաղաքացու: Գյուղում այս պահին լարված վիճակ է: Բնակիչներն ասում են, որ բերման են ենթարկել նաեւ անչափահասների: Փակ են գյուղ տանող ճանապարհները:
***
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):
Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, այդ պատճառով փակվել են ճանապարհները:
Նշենք, որ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում Կիրանցում, ոստիկանությունն առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ:
***
Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- գրել է նա:
Նշենք, որ Կիրանց գյուղում լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել գյուղի տարածք: Գյուղացիները պատմում են, որ մարդկանց նկատմամբ ուժ կիրառելով բերման են ենթարկել: