▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի «HardTalk» հաղորդմանը

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

BBC-ի ռուսական ծառայությունը, սակայն, հարցազրույցի հիմնական թեմաներն ի մի է բերել: Հարցազրույցն իրականացվել է տեսակապի միջոցով։ Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության գործողությունները, Ադրբեջանին մեղադրել է սահմանին իրավիճակի սրացման մեջ և բացատրել, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջել է սեփական քաղաքացիներից: Սովորաբար, այս հաղորդաշարի հարցադրումները քննադատական են, սուր և երբեմն սադրիչ, ինչի մասին վկայում է հաղորդման անունը։

Վարչապետը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները ձախողվել են։ Նա հայտարարել է, որ շատ վաղ է գնահատականներ տալ և չի մեկնաբանել այն փաստը, որ հարևան Վրաստանում մի քանի անգամ քիչ դեպքեր են գրանցվել: Հարցին, թե ինչու է նա Ղարաբաղում խնջույքին առանց դիմակի եղել համաճարակի թեժ պահին, մինչդեռ անձամբ է նախատում քաղաքացիներին հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չպահպանելու համար, Փաշինյանն ասել է, որ հետևել է այն տարածքի կանոններին, որտեղ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող կանոնների համաձայն»,- ասում է վարչապետը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին՝ Փաշինյանն ասել է, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Նա ասել է, որ ամեն էսկալացիայից հետո միջազգային հանրությունը իրադարձությունների երկու տարբերակ է լսում, և այդ պատճառով անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ հաստատել: Վարչապետը նաև ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Հայաստանի միակողմանի գործողություններով և մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմատենչ հռետորաբանության և հակամարտությունը ուժով լուծելու փորձերի մեջ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին