Asekose.am-ն առանց խմբագրման ներկայացնում է Կոտայքի մարզի «Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեկտիվի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանկավարժներն ահազանգում են, որ դպրոցի տնօրեն նշանակված Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է, ինչի շնորհիվ էլ դարձել է տնօրեն:
«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ձեզ է դիմում Կոտայքի մարզի «Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ողջ մանկավարժական կոլեկտիվը նույն դպրոցի գործադիր տնօրենի թափուր տեղի մրցույթի արդյունքում տնօրենի նշանակման հետ կապված:
Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 21-ին «Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել տնօրենի թափուր տեղի պաշտոնի մրցույթ, որի արդյունքում 4 (չորս) թեկնածուներից երկուսը՝ Արամուս համայնքի բնակիչ Անդրեյ Փիլիպոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ Նոնա Պողոսյանը հավաքել են չորսական ձայներ: Որից հետո 25.03.2019 թվականին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացրել ենք դիմում- խնդրագիր՝ հաշվի առնել մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների և համայնքի ցանկությունը՝ տնօրենի պաշտոնի նշանակման ժամանակ նախապատվությունը տալ պարոն Անդրեյ Փիլիպոսյանին:
Հաշվի առնելով այն փաստը,որ նա ունի 14 (տասնչորս) տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ, որից յոթ տարին եղել է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ և վայելում է համայնքի, մանկավարժների, ծնողների, աշակերտների հարգանքն ու սերը, ունեցել է հաջողություններ աշխատանքի բնագավառում, քաջատեղյակ է դպրոցի և համայնքի կարիքներին ու խնդիրներին:
Հարգելի՛ վարչապետ, հայտնում ենք, որ պարոն Անդրեյ Փիլիպոսյանը տասնչորս տարվա աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի ստացել անգամ բանավոր զգուշացում, բայց 28.03.2019 թվականին Կոտայքի մարզպետի կողմից միանգամից տրվեց «խիստ նկատողություն» մարտի 22-ին դպրոցում տեղի ունեցած դասադուլի պատճառով, որը ընդամենը աշակերտների սրտաբուխ ցանկությունն էր՝ տնօրենի պաշտոնում տեսնել պարոն Անդրեյ Փիլիպոսյանին: Հայտնում ենք Ձեզ, որ այդ օրը պարոն Փիլիպոսյանն արեց ամեն ինչ դասապրոցեսը վերականգնելու համար:Դա են փաստում լրագրողների կողմից հրապարակված տեսանյութերը:
Հարգելի՛ պարոն վարչապետ, իսկ հիմա խնդրում ենք Ձեզ ՝ հարգել մանկավարժների, ծնողների , աշակերտների և համայնքի ցանկությունը՝ Արամուսի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնի նշանակման հետ կապված: Եվ լիահույս ենք , որ այս անգամ մեր խնդրանքը անպատասխան չի մնա. չէ որ ապրում ենք մեր իսկ ձեռքով կառուցած ժողովրդավարական երկրում:
«Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժներ»:
Հավելենք, որ ավելի վաղ աշակերտները, ծնողները և ուսուցիչները մարտի 25-ին դիմում-խնդրագիր էին ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որում խնդրել էին տնօրեն նշանակելիս հաշվի առնել նաև իրենց կարծիքը և նախապատվությունը տալ Անդրեյ Փիլիպոսյանին: Ըստ ուսուցիչների՝ իրենց խնդրագրին ոչ մի պատասխան չի տրվել փոխվարչապետի գրասենյակից: Անգամ դիմում-խնդրագրից և դասադուլից հետո փոխվարչապետի կողմից տնօրեն էր նշանակվել երկրորդ թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը: Դաս անելուց հրաժարվող երեխաներն ու նրանց ծնողներն կրկին հավաքվել էին դպրոցում և պահանջել էին նորանշանակ տնօրենի հրաժարականը:
Մինչ այդ Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ դպրոց էր եկել՝ ծանոթանալու անձնակազմին և իր պարտականություններին: «Մենք չենք ցանկանում ծանոթանալ նրա հետ, քանի որ ունենք մեր տնօրենը: Անդրեյ Փիլիպոսյանը լավատեղյակ է դպրոցի խնդիրներին, կարողանում է շատ լավ աշխատել երեխաների հետ, հարգված է ուսուցիչների կողմից: Եթե նորանշանակ տնօրենը շարունակի պաշտոնավարել, մեր երեխաները պարզապես դպրոց չեն գա կամ կտեղափոխվեն այլ դպրոց»,- նշել էին աշակերտների ծնողները: