Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է իրեն վերագրվող պետական և կուսակցական տեղեկատվության արտահոսքի կազմակերպման թեմայի շուրջ։ Նա հարցազրույցում բացահայտել է իր և տարբեր անձանց նամակագրությունների բովանդակությունը՝ ընդգծելով, որ պետական գաղտնիքներ չի հրապարակել։ «Ես ինչո՞ւ պիտի ամաչելու բան ունենամ, այնտեղ կան մի քանի իրավիճակներ։ Եթե խոսում ենք բարոյականությունից, ապա գնահատենք՝ ո՞րն է ավելի բարոյական․ մարդն անձնական կյանք ունի՝ որևէ մեկին չվնասելով, դե իհարկե, կարող է պատահի՝ ուրիշ բաներ էլ դուրս գան, և ինչ-որ մարդիկ մտնում են այդ մարդու անձնական կյանք․ ստեղ ո՞րն է ավելի բարոյական»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իր անձնական կյանքի վրա շեշտը դնելն ակնհայտորեն ճնշման միջոց է՝ մանդատը վայր դնելու համար։ Մանրամասնելով՝ Աղազարյանն ասել է․ «Նամակագրություն եմ ունեցել մի տղայի հետ, ում ընկալել եմ որպես հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, բլոկել եմ մի անգամ, ուրիշ ձևով է հայտնվել, մի անգամ էլ եմ բլոկել, ուրիշ ձևով է հայտնվել։ Ես մտել եմ իր հետ զրույցի մեջ։ Թե որ երկրի ներկայացուցիչ էր, չեմ կարող ասել, հայերեն էր գրում։ Հիմա թող այդ ամբողջ նամակագրությունը հրապարակեն՝ ոնց ա սկսվել, ոնց ա ավարտվել, այնտեղ ինչ խոսքեր եմ արտասանել, ինչ գաղափարներ եմ ասել, այսպես կոչված, ուրիշ թեմաներով, դա ուրիշ հարց է, ես դա ասել եմ դիտավորյալ․․․ Այդ տղայի հետ գրառումները որ հրապարակվեն, կպարզվի, որ Հովիկ Աղազարյանը շատ նորմալ սեռական կողմնորոշում ունի՝ մեկ, Հովիկ Աղազարյանը չի վախենում պրոբլեմներից՝ երկու, նայում է պրոբլեմների աչքերի մեջ և այդ պրոբլեմները լուծում է։ Հովիկ Աղազարյանը հայտնի է որպես, այսպես կոչված, ազատ ոճի խոսացող՝ ուրիշ շրջապատներում, այսինքն՝ հայհոյախառն, դա էլ կպարզվի․․․ Մի կնոջ հետ անձնական կապ եմ ունեցել, դա հրապարակման ենթակա՞ ա, դա հանցագործությո՞ւն ա, երբ այդ նամակագրությունը եղել է փոխադարձ, ոչ թե ճնշումով»,- հավելել է պատգամավորը՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է իր նամակագրությունները «համեմեն»՝ մի նախադասություն գրեն, մեկը ջնջեն։ |
Դիտեք նաև՝
Անդրադառնալով հարցին՝ պետական ո՞ր կառույցն է՝ ԱԱԾ-ն է զբաղվա՞ծ իր դեմ շանտաժով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ես ԱԱԾ-ի անուն չեմ տվել․․․ Կասեմ այն ժամանակ, երբ իմ պաշտպանվելու «լեվլը» բարձրանա։ Միշտ իմ արձագանքը կլինի մի մակարդակ ցածր։ Շատ տրամաբանական կլինի, երբ Գլխավոր դատախազը գա Ազգային ժողով, այդ ժամանակ արդեն անուններ կտամ»։ Թե որտեղից են ուղարկվել «ուժեղ տղաները», որոնք փորձել են պարտադրել մանդատը վայր դնել, Աղազարյանը նշեց․ «Եթե հիշում եք՝ այս ամենը սկսվեց տխրահռչակ ԱԺ լսումներից, և այնտեղ կար նաև Քյարամյան Արգիշտի՝ երիտասարդ, խոստումնալից, ինչ-որ իմաստով՝ փորձառու պետական գործիչ, ես չեմ բացառում, որ, օրինակ, կարող է պատահի այնտեղից էին, ենթադրելի է»։ Դիտարկմանը, որ Քյարամյանն այլևս պաշտոն չունի, Աղազարյանն արձագանքեց․ «Բայց ուժեղ տղա ա, իսկ ուժեղ տղերքը միշտ էլ ուժեղ տղերք են»։ Աղազարյանը հավելեց, որ իր մոտ եկողները պաշտոնյաներ են, բայց չի կարծում, թե Փաշինյանն է ուղարկել․ «Նիկոլ Փաշինյանն «ուժեղ տղերք» ուղարկելու կարիք չունի, երկրի վարչապետն ա, հետևաբար ամեն ինչ անում է օրենքներով և Սահմանադրությամբ նախատեսված կարգով»։ Պատգամավորը հայտարարեց, որ դատական հայցեր է ներկայացնելու, շղթան սկսելու է Հակակոռուպցիոն կոմիտեից․ «Նախ քննիչը պետք է պարզաբանումներ ներկայացնի, հետո հաջորդական տրամաբանական քայլեր կձեռնարկվեն։ Բա հո չենք նստի սուս-փուս, ասենք՝ եկեք, ինչ ուզում եք ասեք»։ |