Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը անդրադարձել է Գեղարքունիքի սահմանային հատվածից հայ վեց զինծառայողների գերեվարման տեղեկությանը։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Հակոբ Ավետյանի փոխանացմամբ` հայկական կողմը գիշերվա իրադարձություններից հետո ձեռնարակում է բոլոր միջոցները, որպեսզի զինվորներին հետ բերենք։ Ըստ նրա` այս պահին կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրում։
«Կրակոցների միջոցով ադրբեջանցիները ցանկանում են լարված իրավիճակը պահպանել, բայց մեր ազգաբնակչությունը միշտ պատրաստ է մոբիլիզացվել և մասնակցել գործողություններին։ Ռազմական բնույթի տեղեկատվություն շատ չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի այդ հանգամանքը հենց մեզ չխանգարի, միայն շեշտեմ, որ իրավիճակն այս պահին շարունակում է շատ լարված մնալ»,– նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը։
Ավետյանի խոսքով` իրեն հայտնի է, թե հայ զինվորները կոնկրետ ինչ հանգամանքներում են գերեվարվել, բայց նախընտրեց այդ մասին այս պահին դեռ չխոսել, քանզի նրա համոզմամբ` այդկերպ ռազմական գաղտնիք կբացահայտվի, ինչը սխալ է։ Ըստ նրա` բնակիչների մոտ կա լուրջ անհանգստություն, թեև նրանք այս իրավիճակին ընտելացել են և միանգամից խուճապի չեն մատնվում։
Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։