«Նախ պետք է կողմնորոշվենք, թե ո՞ր Ալեն Սիմոնյանն է նման բան ասել՝ Ակնան իր հայրենիքը համարո՞ղ Ալեն Սիմոնյանը, մարդկանց վրա թքո՞ղ Ալեն Սիմոնյանը, թե այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը»,- «Հայելի» ակումբում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանում արցախցի լրագրողին արած այն արտահայտությանը, թե կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, գրում է «Առավոտ.am»-ը:
«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի Նիկոլից ավելի Նիկոլ ձեւանալու համար…Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաեւ այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, եւ պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է: Շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն:
Երբ այդ նույն Ալեն Սիմոնյանը նստած էր իր կաբինետում կամ իր թանկարժեք մեքենայում, այնտեղից երեւի չէ՞ր երեւում, թե Արցախում ինչ է կատարվել: Չնայած համոզված եմ, որ իրենք շատ լավ գիտեին, նրանց հետ այդ ամենը պայմանավորված է եղել:
Մի բան կասեմ, երբ 2023թ սեպտեմբերի 19-ին ԱԺ պատգամավորներով, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ գտնվում էինք Ասկերանում, հանդիպում էինք Ասկերանի ակտիվի հետ, Ալեն Սիմոնյանը զանգեց Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանը նրա հետ խոսելուց հետո, երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց, թե հիմա է հասկանում՝ ինչու է Ալեն Սիմոնյանը զանգում: 3 անգամ Ալեն Սիմոնյանը հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է: Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից է հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է:
3 անգամ նույն հարցը կրկնելուց եւ դրանից հաջորդած առաջին կրակոցները լսելուց հետո բոլորս հասկացանք, որ Ադրբեջանը պետք է հարձակվի: Այդ մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց գործողությունների եւ հանցավոր անգործության մասին…»,-ընդգծեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավարը: