▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքի ու մահվան հարց է, ամեն օրը կարևոր է, իսկ դեղորայք փոխադրող ընկերությունը ժամկետներ չի նշում

«Կյանքի ու մահվան հարց է, մեր հարազատի՝ 76-ամյա Առաքելի մոտ 3 տարի է, ինչ ախտորոշվել է օնկոլոգիա, վիրահատվել էր Գերմանիայում, պարբերաբար մեկնում էր բուժման, սակայն այս պահին Հայաստանում չի կարողանում ստանալ իր բուժման համար նախատեսված դեղորայքը»,-այս մասին Asekose.am-ին ասաց հիվանդի ընտանքի բարեկամ Արմեն Դալլաքյանը, ով դիմել է մեր խմբագրություն՝  փորձելով ներկայացնել, թե ստեղծված իրավիճակում ինչ խնդիրներ կարող են առաջանալ քաղաքացիների մոտ:

Ընտանիքի բարեկամը նշում է, որ «Նիվոլումաբ» դեղամիջոցը Հայաստանում առհասարակ չկա, այն ստանալու համար դիմել էին ՀՀ առողջապահության նախարություն՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար:

«Դեղորայքը բավական թանկ է՝ 6400 եվրո է արժեքը, այս անգամ այն գնել էին Գերմանիայի բարեկամները և կազմակերպել դրա փոխադրումը DHL Express-ով: Ասել էին, որ պետք է ստանանք դեղորայքն ապրիլի 13-ին: Բժիշկն ասաց, որ թեպետ ապրիլի 9-ին պետք է հիվանդն ընդուներ հերթական դեղորայքը, սակայն մի քանի օր ուշացումը խնդիր չի առաջացնի: Ստացված կոդի շնորհիվ կարողանում էինք հետևել փոխադրման ընթացքին, օրեր հետո տեսանք, որ դեղորայքն արդեն Մոսկվայում է, սակայն հետո այն ուղարկեցին Անգլիա: Այս պահին Լոնդոնի օդանավակայանում է: Զանգահարեցինք DHL Express-ի հայաստանյան գրասենյակ, սակայն մեզ համար այդքան կարևոր դեղի փոխադրման վերաբերյալ որևէ պատասխան չեն տալիս՝ ասելով, որ չգիտեն, թե երբ կկարողանան ստանալ բեռը: Ի դեպ, մեզ պատասխանում են միայն օպերատորները, գրասենյակի պատասխանատուների հետ այդպես էլ չի հաջողվել զրուցել»,-ասաց Արմենը:

Ըստ ընտանիքի բարեկամի՝ այս պահին հիվանդը լավ է, սակայն ամեն օրը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար.

«Հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել, միգուցե այն արդեն տարածվում է, մեզ համար ցանկացած օրը կարևոր է, սակայն մեզ ոչինչ չեն ասում, պետք է անորոշության մեջ սպասենք և չգիտենք, թե որ պատկան մարմնին պետք է դիմել՝ տվյալ խնդիրը լուծելու համար: Նշենք, որ այս դեղը Հայաստանում երբեք չի վաճառվել և փոխարինող էլ չունի, այսինքն՝ մեր հարազատի կյանքը հիմա կախված է դեղի փոխադրումից»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ դիմել են նաև DHL-ի՝ Անգլիայի գրասենյակին, սակայն գրավոր հարցմանը ոչ մի պատասխան չեն ստացել:

Asekose.am-ը կապ հաստատեց DHL Express-ի գրասենյակի հետ, որտեղից էլ պատասխանեցին, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ոչինչ չեն կարող հստակ ասել, իսկ բեռը տեղափոխվել է Լոնդոն, քանի որ այնտեղից ավելի արագ կլինի հետագա փոխադրումը, ՌԴ-ով մինչ ապրիլի 30-ը ոչինչ չի կարող իրականացվել: Այլ պատասխան և ժամկետներ չտվեցին:

Հեղինակ՝ Լ.Հ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին