Կյանքից անժամանակ հեռացել է «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով ընդամենը 31 տարեկան էր, ընտանիքի միակ զավակը:
Ցավալի լուրի մասին հայտնել են ընկերները․ Հովհաննեսի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել, որը տասը օրում խլել է նրա երիտասարդ կյանքը։
Նա տնտեսագիտական համալսարանի ուս.խորհրդի նախագահն էր, շատ ակտիվ հանրային գործունեություն սկսեց ծավալել գործող իշխանության դեմ ապօրինությունների ժամանակ, հաճախ էր ձերբակալվում, միշտ եղել է ոստիկանական ուժերի, հատկապես` բերետավորների թիրախում: Մեծ միջավայրում շատ հարգված երիտասարդ էր, շատ հեռանկարային:
Հովհաննես Հարությունյանը նոր էր ընտանիք կազմել: Սրբազան պայքարի ողջ ընթացքում շատ ակտիվ մասնակցություն է ունեցել տարատեսակ միջոցառումների ժամանակ, և կազմակերպական, և ճանապարհները փակելու ու տարատեսակ ակցիաների ժամանակ:
Ամենահաճախ բերման ենթարկվածներից էր իր ակտիվ նախաձեռնողական տեսակի պատճառով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովոյի դեպքը լրիվ անհավանականներից է, անսպասելին: Չգիտեմ, թե ճակատագիրն ինչի այսպես վարվեց իր հետ, դեռ շատ ասելիք ու անելիք ուներ: Լույսերի մեջ մնաս, Հովո ջան»։ |
«Հավատս չի գալիս... լույսերի մեջ մնաս, պայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր....»,- Facebook-ում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Asekose.am-ը ցավակցում է Հովհաննես Հարությունյանի ընտանիքին և ընկերներին։