Այս մասին Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ՔՊ-ում որոշում է կայացվել, որ Աննա Կարապետյանը վայր դնի մանդատը, նշեց.

«Ես ձեր գրած լուրերից նոր տեսա դա. զարմացած եմ, մտածում եմ՝ լավ, որտեղի՞ց եք գտնում էդ լուրերը»:
Իսկ հարցին, թե նման քննարկում չի՞ եղել ՔՊ-ում կամ խմբակցությունում, նա պատասխանեց.
«Իհարկե ոչ: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե դուք այս լուրերը որտեղից եք գտնում: Գրել եք, օրինակ, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ: Դուք գոնե վիճակագրությունը նայո՞ւմ եք: Եթե ոչ ամենաքիչ, ապա գոնե միջին գրծուղումների մեկնած պատգամավորն եմ: Կամ գրում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իմ նախագիծը: Ես ասացի, որ սովորական քվեարկություն է եղել, այդ նախագծի թեման կարծես թե փակված է: Հիմա նորից նոր լուրեր… հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր ուզում են անպայման պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց իր անունը շրջանառվում, Աննա Կարապետյանը նշեց.
«Այ էդ հարցի պատասխանը որ ստանաք, ինձ էլ ասեք: Նորից եմ կրկնում՝ «Իմ քայլը» խմբակցությունը միահամուռ և միակամ է ինչպես միշտ, հիմա առավել քան»:


