▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեո Մեսսին հայկական արմատներ ունի

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես հայտնի է, վերջերս Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը հրաժարվեց ընկերական հանդիպում ունենալ Ադրբեջանի հավաքականի հետ: Պարզվում է՝ այդ հրաժարումը պարտադրել է Լեոնել Մեսսին: 
Իսկ գիտե՞ք ինչու:

Բանն այն է, որ Լեոն վերջերս իմացել է իր հայկական արմատների մասին:

Ինչպես պարզել են հարավկորեական «Կենսագրությունների ինստիտուտի» (կորերեն` 전기 연구소 հնչում է jeongi yeonguso) աշխատակիցները` ուսումնասիրելով արգենտինական արխիվները, Լեո Մեսսին Կիլիկիայի վերջին` Լեւոն 6-րդ թագավորի ուղղակի ժառանգորդներից է: Լեւոն 6-րդը մահացել է 1393 թվականին: Նրա թոռան թոռը` արդեն ոչ թե Լուսինյան այլ Մեսրոպյան ազգանունը կրող Լեւոնը, հետագայում հաստատվում է Իտալիայում: Սկզբնապես տոհմում տղաներին կոչում էին կամ Լեւոն (կրճատ` Լեո), կամ Անդրանիկ (կրճատ Անջելո), կամ Գեւորգ (իտալերեն Ջորջիո, իսպաներեն՝ Խորխե): Բնականաբար, Մեսրոպյան ազգանունը իտալերենով արտասանելու դժվարությունների պատճառով կրճատվում եւ դառնում է Մեսի: Հետագայում` հերթական տղա երեխայի ծննդյան վկայականում մունիցիպալիտետի աշխատակիցը ավելացնում է եւս մի ս եւ տոհմի ազգանունը դառնում է Մեսսի: Ահա այդ զարմից՝ Լեւոն Մեսրոպյան-Մեսսիի թոռան թոռ Անջելո (Անդրանիկ) Մեսսին էլ, որ արկածների սիրահար էր, հասնում է Արգենտինա, որտեղ եւ հաստատվում է: Հետագայում, ըստ կենսագիրների, հենց այս Անջելո (Անդրանիկ) Մեսսիի զարմն է հիմնում ներկայիս Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո քաղաքը, որտեղ եւ հետագայում ծնվում են նրանց սերունդները, այդ թվում լեգենդար ֆուտբոլիստը: 
Ինչպես ասացինք տոհմի տղաներին կոչում էին կամ Լեւոն (իսպաներեն՝ Լեո կամ Լեոնել), կամ Անդրանիկ (իտալերեն Անջելո, իսկ իսպաներեն՝ Անդրես), կամ Գեւորգ (իտալերեն Ջորջիո, իսպաներեն՝ Խորխե): Եվ երբ Խորխե (Գեւորգ) Մեսսիի ընտանիքում ծնվում է հերթական տղան, նրան կոչում են տոհմական երկու անուններով՝ Լեոնել Անդրես (Լեւոն Անդրանիկ) Մեսսի:
Ահա, իր կենսագրության եւ տոհմածառի այս բացահայտումն է պատճառը, որ Լեո Մեսսին հրաժարվում է մեկնել Ադրբեջան, եւ թիմն աջակցում է նրան։

Հ.Գ. Գրառումը, բնականաբար, հումորային ենթատեքստ ունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին