Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել:
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով՝ բերման էին ենթարկել: Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա, իհարկե, իրավական բեսպրիդել է: Լևոն Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը»:
Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։
Լևոն Քոչարյանն այսօր դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։