Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ «Իսկանդեր» համակարգերը չեն կիրառվել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ ՊՆ-ն տարակուսանքով և զարմանքով ծանոթացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` այն մասին, որ ԼՂ-ում հայկական ԶՈւ կողմից օգտագործված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով: Մեր ունեցած օբյեկտիվ և վստահելի տեղեկությունների համաձայն, այդ թվում` օբյեկտիվ վերահսկման համակարգի կողմից ապացուցված, ԼՂ հակամարտության ընթացքում այս տեսակի հրթիռային որևէ համակարգ չի կիրառվել:
«Իսկանդեր» հրթիռների հայկական ամբողջ զինամթերքը պահեստներում է: Ըստ ամենայնի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով էլ նա ոչ ճիշտ տեղեկություն է հաղորդել: «Իսկանդեր»-ը փորձարկվել և բազմիցս արդյունավետորեն կիրառվել է Սիրիայում` միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ: Սա մեզ հիմք է տալիս՝ ենթադրելու, որ այն աշխարհում իր տեսակի մեջ լավագույնն է, և դա ընդունում են բոլորը»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից: