Դիտեք նաև՝
Հայաստանը իմ սրտին շատ մոտ երկիր է, ես չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի են եղել վերջին օրերի դեպքերը հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը:
Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր հանձնառությունները:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»:
Բացի այդ, Փաուերը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է լիարժեք և մշտապես բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն փոխադրումների և հումանիտար փոխադրումների համար: Իսկ ԼՂ բնակիչներին պաշտպանելու վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ ու գալ, երբ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր: «Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որ առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերեն»,-ասել է նա: