▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ Հանրապետության լուծարման կետ չկա. ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ուժերն անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂ նախագահն է ասում, որ դա չեղարկել է»,- ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի այլևս»,- նշեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք՝ քննարկումը ծավալվեց Արծվիկ Մինասյանի հնչեցրած հետևյալ հարցադրումից հետո. «ՀՀ ու ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտը կա ու դուք, որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ կողմից: Ինչպե՞ս անենք, որ հանձնաժողովը նիստ գումարի, բազմաթիվ հարցեր դառնան քննարկման առարկա»: Սիմոնյանը նշել էր, որ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ: Նրա խոսքով՝ ԼՂ պաշտոնյան այլևս գոյություն չունի:

***

«Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, ոչ միայն կոտորած բերեց, ոչ միայն, չունենալով նման իրավասություն, ստորագրում էր փաստաթուղթ ու հանձնում ԱՀ օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր ԱՀ անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստորեն հրաժարվում է ԱՀ ժողովրդի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները բարձրաձայնելուց»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ ՔՊ-ականների այսօրվա ելույթներին:

***

«Հետաքրքիր արտահայտություն հնչեց պարոն Հովհաննիսյանի ելույթում, ասում է՝ ստորագրելու արդյունքում Արցախը հայաթափվեց: Փաստորեն հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտման ու զինված կոնֆլիկտի արդյունքում, այլ հայաթափվեց, որովհետև ստորագրվել է մի թուղթ, որը ոչ նա է տեսել, ոչ ուրիշ մեկը...»,- ԱԺ-ում, արձագանքելով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթին, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ասում են՝ յուղը վրեն զենքերը հանձնեցիք: ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ իշխանություններին»,- հավելել է նա:

«Էդ մե՞նք ենք հակաարցախյան գործունեություն իրականացրել, էդ մե՞նք էինք Արցախի և ՀՀ-ի բանակը թալանում, դղյակներ կառուցում, փող աշխատում, հա՞, լո՞ւրջ: Կարո՞ղ ա մի հատ հետ նայեք ժամանակագրական առումով»,- ԱԺ-ում, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ հին սկավառակը փոխելու ժամանակն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին