Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը:
1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:
Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00-ը: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից»: |