Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Այս մասին հայտնել է բանաստեղծի կինը։
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
1989 թ.նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։
1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:
1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն:
2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:
Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։
1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972-ին առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։
1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։
Մրցանակներ և պարգևներ`
1971- ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ
1985- Հայաստանի պետական մրցանակ
2003- ՀՀ նախագահի մրցանակ
2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)
1998- «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2010- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալ»
2009- Երևանի պետական ագրարային համալսարանի Ոսկե մեդալ
2010- Երևանի պետական համալսարանի Ոսկե մեդալ
2010- Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Ոսկե մեդալ
2010- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Մեսրոպ և Ս. Սահակ» մեդալ
2010- Վալերի Բրյուսովի անվան մեդալ
Դիտեք նաև՝