Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Դատարանը որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1–ին, ժամը 12։00–ին։

Նշենք, որ պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել էին կալանքից ազատել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը` 7 գույք։ Բոլոր տարածքները գտնվում են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դրանցից 6-ը հասարակական նշանակության տարածքներ են` գրասենյակներ, խանութներ, մեկը` տաղավար` Նար Դոսի 3/1 հասցեում։
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


