Մարդը, որն ասում է` ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում` ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, նա պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար. Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է Փաշինյանին
Մի քանի ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ՀՀ 2–րդ նախագահն ասաց, որ ինքը Հայաստանից մեկնելու էր հունիսի 14–ին, իսկ վերադառնալու` հունիսի 17-ին։
«Հիմա ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, թե ինչ աստիճանի է իր անձնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Սա շարունակությունն է ընտրական գործընթացի ժամանակ համատարած գաղտնալսումների։ Եվ այդ ամենը, մի քիչ ավելի հետ գնալով ասենք, որ սկսվեց Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության հրապարակումից»,–ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երևան թուդեյ» «5-րդ ալիք», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Նյուզ», «Ժողովուրդ» լրատվամիջոցներին:
Գործն ուղղակի աբսուրդային է։ Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ իմ վրա որևէ քրեական գործ չկար։ Մեկ օր անց, պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա»,- այս մասին հարցազրույցի մեկնարկին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը: Վերջ: Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ ինձ հետ այս ամբողջ պատմությունը չունի»:
«Ուղղակի այստեղ խնդիրը հետևյալն է. այն ժամանակվա սահմանադրությամբ՝ 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ, նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները: Դա պարտականությունն էր նախագահի և ոչ թե հաստատում: Ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետև քննիչի հետ խոսելիս ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ ասելով՝ «դուք հաստատել եք որոշումը»: Նախագահը չի հաստատում կառավարության որոշումները, նախագահը, այն ժամանակվա կարգավորումներով, սահմանադրական պահանջով վավերացնում էր:
Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ: Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, և վավերացնում ես, որ դա հրապարակվի»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չի նախատեսում։


