▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ հարցնում են, լավ, Նիկոլը գնաց, ի՞նչ ենք անելու հետո, հստակություն չկա․․․

«Այս իրավիճակում մեզ համար խնդրահարույց է Ադրբեջանում հայի դեմոնիզացված կերպարի ընկալումը, որը հայատայացության հիմքն է, դրա վրա կառուցվում է  Ադրբեջանի քաղաքացու ինքնագիտակցությունը»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, որը մասնակցում էր  «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։

Նրա խոսքով, ահա այս խնդրի պատճառով չի աշխատելու նաև խաղաղության դարաշրջանը։

Էլիբեգովան ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հայերի կերպարի մասին հիշյալ պատկերացումները ստեղծում, աճեցնում ու տարածում է պետությունը։

«Ադրբեջանում երեխան մանկապարտեզի, դպրոցի տարիքից, ապա նաև բուհում ու այլ հաստատություններում դասախոսների, գործիչների, կրոնի  ներկայացուցիչների կողմից լսում են նույն բանը։ Այն անձինք, որոնք ունեն կրիտիկական մոտեցում, մարգինալացվում են ու որպես հետևանք լսելի չեն դառնում պետության կողմից։ Մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ քարոզչական մեքենան անխափան աշխատում է։ Մենք գրեթե  չունենք հնարավորություն ներազդելու դրա վրա՝ նաև հաշվի առնելով այսօր Հայաստանի պաշտոնական մոտեցումների կոնտեքստը։ Ադրբեջանի հակահայկական  քարոզչությանն ավելի շատ օգնող, քան Հայաստանի ներկա իշխանություններն են, այսօր, ցավոք սրտի, գոյություն չունի»,-ասաց նա։



Որպես այս ամենի հետևանք, ըստ փորձագետի, ադրբեջանցիները շարունակելու են ապրել միֆի մեջ, ատել հային, զավթել մեր բնակության արեալն ու հանքային, ջրային, անտառային ռեսուրսները։

«Նրանք փորձում են իրենց կենսամակարդակը բարձրացնել մեր՝ այստեղ գոյություն չունենալու հաշվին։ Նրանք գնալու են մինչև վերջ, շատ պարզ է,  ու շատ դժվար է այդ պարզ բանաձևը չհասկանալ կամ ձև անել, որ այդպես չէ»,-նշեց բանախոսը։

Նա նաև կասկածով է վերաբերում քննարկման բանախոսների առաջ քաշած այն թեզին, որ հայ հասարակությունն իլյուզիաների մեջ է։

«Նման պնդում անելիս մենք ինչի՞ վրա ենք հիմնվում, որ ընդդիմության ցույցերին գալիս է քիչ մարդ, ոչ այնքան, ինչքան ակնկալվում է։ Արդյո՞ք պատճառը Նիկոլի հետ կապված իլյուզիաների մեջ է։ Գուցե՝ չէ, պատճառն ուրիշ տեղ է, ընդդիմությա՞ն մեջ է, ոչ թե մարդկանց։ Պետք է դուրս գալ այն կոնցեպտից, որ մարդիկ մեղավոր են։ Պետք է մարդկանց տալ օրակարգ ու բովանդակություն։ Մարդիկ հարցնում են, լավ, Նիկոլը գնաց, ի՞նչ ենք անելու հետո։ Իսկ այդ աշխատանքային պլանը, ռազմավարությունը, ճանապարհային քարտեզը, ինչպես կուզեք անվանեք, երկու տարվա ընթացքում չի ձևավորվել։ Մարդը ինչի՞ հետևից գնա։ Հասարակ մարդու համար հասկանալի չենք, պետք է նրան բացատրել, քարոզչական, մեդիա ռեսուրսները միգուցե ճիշտ, լավ չե՞ն օգտագործվում։ Այս ամենը պետք է քննարկվի, ստեղծվի բովանդակություն ու տարածվի լայն հասարակության շրջանում, հակառակ դեպքում ցանկացած բովանդակություն ունենալու է զրո արդյունք»,-նշեց նա։

Էլիբեգովան ասաց՝ չի համարում, որ մարդիկ են մեղավոր,  ընդդիմությունն էլ դեռ պետք է վերլուծի պատճառները՝ ինչու երկու տարի շարունակ չի կարողանում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Եթե չկա գործողությունների հստակ պլան, մարդիկ դուրս չեն գալու փողոց։ Հստակություն է պետք, ես նույնսիկ այսօր չունեմ ինձ համար հստակ ու հիմնավորված պատասխան, թե ինչու է ընդդիմությունը վերադարձել ԱԺ։ Նույնսիկ պարզ հարցերի շուրջ ընդդիմության դիրքորոշումն ինձ համար պարզ չէ, ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ կարող են տալ տարբեր հիմնավորումներ, ինչը սխալ է։ Ավելին, շատ հարցերի վերաբերյալ ես չգիտեմ ընդդիմության դիրքորոշումը»,-նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին