Այսօր` հուլիսի 31-ին, լրանում է հայտնի և սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առաջին տարելիցը: Վերջինիս մահվան պատճառը սուր լեյկոզն էր:
Ինչպես և սպասելի էր, տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան օգտատերից շատերն են անդրադարձել Մարկ Սաղաթելյանին, նրա անսպառ հումորին և այն մեծ կարոտին, որը զգում են նրանից հետո:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր վաղեմի ընկերոջը, գրել է, որ իրենք Մարկին հիշում են, կարոտում և սիրում:
Սակայն Մարկի մասին սիրում են խոսել նաև այն մարդիկ, ովքեր նույնիսկ չեն ճանաչել նրան, ինչպես դա արել է Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը.
«Մարկ Սաղաթելյանի մահվանից մեկ տարի անցավ: Այո: Ասօր այս լավ տղու մահվան մեկ տարին լրացավ: Մեկ տարի առաջ այս օրը հայ ազգը իրականում կորցրեց մի կարևոր, մի լավ, հիասքանչ, հումորով, տաղանդավոր հայրենակցի: Մարկի մահը սգեցին ոչ միայն իր հարզատները ու ընկերները, այլև շատ ու շատ հասարակ հայեր, որոնք տեղյակ էին միայն Մարկի գործունեությանը:
Մարկը իմ ու շատերի համար հանդիսանում է մութ ու ցուրտ տարիներին միակ լույս կետերից մեկը: Մարկի մասին շատ-շատ բան կարելի է գրել, բայց ես ուղղակի կլռեմ: Շնորհակալություն Մարկ, որ մեզ այդքան ժպիտ ես պարգևել: Դու կաս ու կմնաս յուրաքանչյուր հայի սրտում»:
Ստորև ներկայացնում ենք Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված «Միշտ մեզ հետ» երգը, որն ամենևին էլ տխուր չէ, որովհետև Մարկն այդպիսին չէր և իր կենդանության օրոք հաճախ էր կրկնում, որ կարևորը ժպտալն է: