Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ 70-ամյա Գեղամ Պետրոսյանին:
Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:
Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս որոշումը այսօր դատարանում վիճարկում էր նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը: Այս մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։
Ոստիկանության գնդապետ Պետրոսյանին երեկ գիշերը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
Պաշտպանն ասաց, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ