«Օրրան» բարեգործական ՀԿ-ի Վանաձոր կենտրոնում տեղի ունեցավ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավելի քան 50 շահառուների հանդիպումը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) աշխատակիցների հետ:
Ծրագրի նպատակն է նպաստել Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի 16-35 տարեկան երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը:
HSBC Բանկի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակում Բանկի աշխատակիցները կամավորական սկզբունքով մեկնեցին Վանաձոր, որտեղ անցկացրեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, ինչպես նաև կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են հետագայում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Ընդհանուր քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի հետագա քայլերին, ինչպես նաև խոսվեց առկա մարտահրավերների մասին, որից հետո երիտասարդները Բանկի աշխատակիցներին ուղղեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր:
«Մարզերի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը կարև խնդիրներից է, որի ուղղությամբ առաջին տարին չէ, որ աշխատում ենք «Օրրան» բարեգործական ՀԿ֊ի հետ համատեղ: Առհասարակ, շատերը բանկերի հետ առնչվելիս բախվում են տեղեկացված չլինելու խնդրին, իսկ ոմանք էլ դժվարանում են արդյունավետ կառավարել սեփական ֆինանսները: Սակայն այս ամենն առավել վառ կերպով է արտահայտվում մարզերում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այնտեղի առանց այն էլ ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող մեր հայրենակիցների կյանքում: Մեր բանկը մշտապես հոգածություն է ցուցաբերում հասարակության սոցիալական խնդիրների նկատմամբ` կորպորատիվ պատասխանատվություն դրսևորելով որոշակի ուղղություններով: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ մարզերում բնակվող մեր հայրենակիցների բարեկեցիկ ապագայի կառուցման հարցում` տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ բիզնես կառուցելու կամ աշխատանք գտնելու համար», - նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 3,022 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 261 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Օրրան» ԲՀԿ
«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Նրա առաքելությունն է խոցելի խմբերի երեխաներին հավաքագրել փողոցից և ներգրավել կրթական, մշակութային և արհեստագործական գործունեության մեջ, ինչպես նաև աջակցել միայնակ և կարիքավոր տարեցներին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.orran.org