▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն․ փոխնախարար

Մայիսի 4-ից որոշում է կայացվելու հանել ազատ տեղաշարժի սահմանափակումները։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Այսինքն բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում կկարողանան ազատ տեղաշարժվել։ Միեւնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը։ Այդ արգելքը մնում է այն պատճառով, քանի որ կա որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս ամբողջ նոր փաթեթի շրջանակում, գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են։

«Մնում են որոշ սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Մասնավորապես՝ այդ սահմանափակումները վերաբերելու են մանրածախ եւ մեծածախ առեւտրին։ Սահմանափակումներ գրեթե չեն լինելու մանրածախ եւ մեծածախ առեւտրում։ Միայն պահպանվելու է սահմանափակումը առեւտրի իրականացման վայրերում՝ մոլերում, հանրախանութներում։ Միայն իրենց տարածքում գործող՝ սննդի, պարենային, գյուղատնտեսական արտադրատեսակների խանութները եւ դեղատները՝ կգործեն»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ բացվելու է մշակող արդյունաբերությունն՝ իր բոլոր գործունեության տեսակներով։

«Մենք չենք ունենա որեւէ սահմանափակում մայիսի 4-ից սկսած՝ կախված մշակող արդյունաբերության հետ։ Մշակող արդյունաբերության ոլորտից կբացվի՝ տեքստիլը, կահույքի արտադրությունը, կոշիկի արտադրությունը եւ այլ ոլորտներ»,- ասաց նա։  

Սիմոնյանի խոսքով՝ հանրային սննդի կազմակերպման առումով կգործեն՝ այն ռեստորանները, սրճարանները եւ բարերը, որոնք կունենան բացօդյա տարածք։

«Եթե ունեն փակ տարածքներ՝ փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։ Միեւնույն ժամանակ բուսաբանական եւ կենդանաբանական այգիները նույնպես կբացվեն եւ արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի։ Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի՝ պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաեւ կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ մայիսի 4-ից կթույլատրվեն նաեւ լվացման, մաքրման եւ չոր մաքրման ծառայությունները, գեղեցկության սրահների եւ վարսավիրանոցների գործունեությունը։

«Չսահմանափակված գործունեության տեսակների վերաբերյալ կլինեն հատուկ կանոններ, ուղեցույցներ՝ ըստ ոլորտների։ Ցանկացած ոլորտ իր գործունեությունից կախված կունենա ուղեցույց եւ սանիտարահամաճարակային իրավիճակով պայմանավորված նոր կանոնները։ Կանոնները խիստ կվերահսկվեն բոլոր տեսչական մարմինների կողմից եւ պատասխանատու գերատեսչությունների կողմից։ Կխնդրեմ եւ կհորդորեմ մեր բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնելու են՝ առաջնորդվեն եւ կանոններով եւ ուղեցույցով։ Կանոնները եւ ուղեցույցները կհրապարակվեն կառավարության կայքէջում, ինչպես նաեւ covid19gov.am կայքում։ Մեր թեժ գծերը նույնպես կգործեն՝ հարցերի դեպքում կարող եք դիմել։ Կանոնների պարզաբանման հետ կապված նույնպես կտրվի համապատասխան խորհրդակցություն»,- ասաց Սիմոնյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ կանոնները կվերաբերվեն՝ փակ արտադրական տարածքներում գործունեության վերաբերյալ, գրասենյակային բնույթի գործունեության վերաբերյալ, մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում գործունեության վերաբերյալ, հանրային սննդի բաց տարածքներում թույլատրվող գործունեության վերաբերյալ, վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահներում գործունեության վերաբերյալ։

«Այդ վայրերում առկա են որոշակի ռիսկեր եւ կուտակումներ։ Այդ կուտակումներից եւ ռիսկերից խուսափելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույցները։ Չափազանց կարեւոր է անհատական եւ սոցիալական բիզնես պատասխանատվությունը՝ մեր գործընկերների եւ քաղաքացիների կողմից»,- ասաց նա։

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին