▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մեծամասնությունը դժգոհ է, սակայն ամաչում են չվճարել»․ Բոյկոտը շարունակվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

5-րդ օրն է՝ քաղաքացիները տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներ են իրականացնում: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները շրջում են քաղաքում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել թանկացումը:

***

«Երեկվանից նկատել ենք, որ վարորդները սկսել են իրենց կոպիտ պահել՝ հատկապես, երբ 100 դրամ են փորձում վճարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ կոչ անելով ոչ թե 100 դրամ վճարել, այլ պարզապես բոյկոտել․ «Բոյկոտի իմաստն այն է, որ բերենք հանրային տրանսպորտի ոլորտը ֆինանսական կոլապսի և քաղաքային իշխանությունը ետքայլ կատարի»,- ասաց Հակոբյանը՝ համաձայնելով նաև լրագրողի այն դիտարկման հետ, որ վճարողներն ավելի շատ են, քան բոյկոտողները․ «Այո, համաձայն եմ, սակայն չի նշանակում, որ բոյկոտը չի ստացվել։ Գտնում եմ, որ մեր քաղաքացիներն ուղղակի ամաչում են, սակայն մեծամասնությունը դժգոհ են թանկացումից»,- ասաց Հակոբյանը։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշ վարորդներ ստիպում են ուղևորներին վճարել 150 դրամ կամ իջնել ավտոբուսներից, հակառակ դեպքում հրաժարվում են քշել ավտոբուսը՝ պատճառաբանելով, թե այդպես հրահանգված է քաղաքապետարանից։
Իրականում դրանք բոլորը ապօրինի պահանջներ են, որոնց համար պատասխան են տալու ոչ միայն քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ, այլև այդ պահանջները հնչեցվող վարորդները։
Շարունակենք բոյկոտել ու չվճարել ապօրինի 150 դրամը։
Այս պահին ուղեվարձի հավաքագրման մոտ 60 տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ ուղևորների կեսից ավելին սկզբունքորեն բոյկոտում է»:

***

Արդեն 5-րդ օրն է՝ Երևանում ընդդիմադիր քաղաքական գործիչների նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ են իրականացվում տրանսպորտի թանկացման դեմ։ Քաղաքացիներից մեկը, ով առաջին օրից միացել է բոյկոտին, պատմեց, որ 55 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է իրեն և երեխային Խարբերդից «Երրորդ մաս» տանել․ «Ասացինք՝ բոյկոտում ենք, ասաց՝ իջեք, չեմ տանում։ Հարցն այդ 50 դրամը չի, ուղղակի իրենց պետք է իրենց տեղը ցույց տալ»,- նշեց քաղաքացին։

***

«Պետք է համախմբվենք, միայն 150 դրամը չի, միանգամից թանկացրեցին նաև աղբի վարձը, գույքահարկը»,- ասում է քաղաքացին, ով կոչ է անում միասնաբար բոյկոտել․ «Հիմա դեռ ժողովուրդը չի կողմնորոշվում, բայց հետո մտածելու է՝ ինչի՞ չմիացանք բոյկոտողներին։ Հազիվ մեր ժողովուրդը ոտքի ա հելել, այ մարդ, միացե՛ք, մի բանի հասնենք»,- նշում է կինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին