Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասնում է 30-ի, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ թոքաբորբ կա: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`հավելելով, որ կա մեկ բուժված:

Առավոտվա դրությամբ մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն մինչև օրվա վերջ կարող է հասնել մինչև 420-430:
Նախարարի վերջին տվյալներով, այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում. «Բայց թիվն ավելանալու է, հնարավոր է հասնի մինչև 50-60-ի»։
Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեսետերը, որոնք Հայաստան ներկրվելուց հետո հնարավորություն կտան կարճ ժամանակում հաստատել կամ հերքել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը, կլինեն երկու տեսակի:
«Ներկրման օր կոնկրետ չեմ կարող ասել, այն կախված է միջազգային լոգիստիկ խնդիրներից, բայց մենք առնվազն մեր հիմնական թեստերի մասով ամբողջությամբ ապահովված ենք: Օրական մինչեւ 100 հետազոտություն անում ենք: Ռապիդ-թեստերը, հավանաբար, երկու տեսակով կլինեն՝ թքով եւ արյունով ախտորոշող: Թքով ախտորոշող թեստերը կօգտագործվեն սահմանային անցակետերում, արյունովները՝ հիվանդանոցներում»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ Հայաստանում ընդհանուր առմամբ կլինի 5500 սովորական թեստ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ կառավարությունը ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը, եւ այն ուղարկեց Ազգային ժողով:
Դիտեք նաև՝


