Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու:
«Ես՝ որպես Պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է Տոնոյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:
«Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- նշել է Տոնոյանը:
Կարդացեք նաև՝ ՀՀ-ն ընդլայնում է մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում. Դավիթ Տոնոյան
Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մեր գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել: Մեր նպատակն է միջազգային կենտրոնի հիմնադրումը, որտեղ կարող են սովորել խաղաղապահներ ամբողջ աշխարհից», ասել է նա: Նախարարն անդրադարձել է Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը, որը քննադատության է արժանացել մի շարք վերլուծաբանների կողմից. «Սիրիա ուղղված մեր մարդասիրական առաքելությունը բաղկացած է բժիշկներից եւ ականազերծման մասնագետներից: Այն իրականացվում է մեր ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի եւ այնտեղի հայ համայնքի խնդրանքներին»:
Տեսանյութը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից