Քչերն են տեղյակ, որ 1958 եւ 1963 թվականներին կաթոլիկ եկեղեցու գահին քիչ մնաց նստեր հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։
«Դրան խոչընդոտեց միայն վատիկանյան պահպանողականների եւ իտալական հատուկ ծառայությունների դավադրությունը։
1958թ. հոկտեմբերին Պիոս XII-ի մահից հետո տեղի ունեցած կոնկլավում կարդինալ Աղաջանյանը առավել հավանական պապաբիլներից էր (պապ ընտրվելու թեկնածու)։ Դա հասատեց ինքը՝ Հռոմի պապ ընտրված Հովհաննես XXIII-ը։
Հռոմում հայկական կոլեգա այցելության ժամանակ Ռոնկալլի պապը հայտարարեց՝ դիմելով ճեմարանի ուսանողներին. «Գիտե՞ք, որ ձեր կարդինալն ու ես կարծես թե հավասար էինք, երկուսիս անունները շարժվում էին մերթ դեպի վեր մերթ դեպի վար»։
Բայց դրանք սառը պատերազմի տարիներն էին, եւ համապատասխան մարմինները Հռոմում զգոն էին։ Ինչպե՞ս թե, Սուրբ Պետրոսի գահին կարող էր նստել «ռո՞ւսը» (սովետական տարածքում ծնվածներին «ռուս» էին անվանում)։
1963թ. Ռոնկալլի պապի մահից հետո Աղաջանյանի թեկնածությունը կրկին հայտնվեց պապաբիլների ցուցակում՝ հենց «ռուսական» ծագման շնորհիվ: Այն ժամանակ Վատիկանի եւ Կրեմլի հարաբերություններում որոշակի շարժ եղավ։
Սակայն եկեղեցական եւ քաղաքական որոշ շրջանակներում վախենում էին Վատիկանի վրա խորհրդային հնարավոր ազդեցությունից։ Ակտիվացան իտալական հատուկ ծառայությունները, որոնք կազմակերպեցին «Կոնկլավ» գործողությունը։ Դրա նպատակն էր Սուրբ Պետրոսի գահին 70-ամյա Աղաջանյանի ընտրվելը կանխելը...»,- գրում է «Հայոց աշխարհը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։