«Մենք ունենք ցանկություն՝ ունենալ ազգային, հայկական, քրիստոնեական իշխանություն՝ հիմնված ճշմարտության, արդարության, Աստծո շնորհի վրա»
***
«Մանկապարտեզ՝ պարեկների մասնակցությամբ. գնում են, պտտվում են, գալիս: Նրանց հունից հանում են երթի մասնակիցներին ողջունող մեքենաների ազդանշանները»,- մեկնաբանում են շիրակցիների՝ Գյումրիից Աբովյան երթը լուսաբանող լրագրողները:
«Փառք Աստծո, դեռևս նման միջադեպ չի գրանցվել. ոստիկանությունը երբեք ուժ չի կիրառել հոգևորականի նկատմամբ, հուսանք՝ դարձյալ չեն գնա նման քայլի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եթե ոստիկանությունն, այնուամենայնիվ, գնա նման քայլի, ապա ինքն իրեն կխայտառակի, եթե իշխանությունները նման հրաման տան, իրենք կխայտառակվեն»,- նշել է նա
***
«Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, մենք ունենք ցանկություն՝ ունենալ ազգային, հայկական, քրիստոնեական իշխանություն՝ հիմնված ճշմարտության, արդարության, Աստծո շնորհի վրա»,- Գյումրիից Աբովյան երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շիրակցիները գալիս են՝ միանալու տավուշյան շարժմանը:
Շիրակում երիտասարդ կինը 2 ամսական երեխայի հետ միացել է քայլերթին:
Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ Միքայել Սրբազանն ասաց. «Ոչինչ, դա էլ կանցնի»:
***
«Գյումրին պատրաստվում է երթի։ Ոստիկաններն ահագին աշխույժ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ կցելով տեսանյութ:
***
Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդը հայտարարություն է տարածել. «Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։ Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։ Դատապարտելի է ցանկացած ոտնձգություն հայրենիքի, հայ ժողովրդի, խաղաղության, իրավունքների նկատմամբ։ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին: Կոչ ենք անում ձգտել երկարատև ու ամուր խաղաղության ոչ թե միակողմանի շարունակական զիջումների հաշվին, այլ ազգային միաբանության, հասարակական լայն հաշտության ու համերաշխության, ինչպես նաև ազգային արժանապատվության հիմունքներից ելնելով` նույն թվում դասեր քաղելով Արցախի հայաթափման ցավալի փաստից»: