Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Լրագրողների հետ երեկվա հանդիպմանը նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի տարածքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չի կարող լինել, իսկ հայտնաբերված բույսը եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը կարմիր գրքում գրանցված չէ:
Ամուլսարարի համար պայքարողներն արձագանքել են նախարարի այս հայտարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում՝ վերցված Էդմոնդ Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգումների արդյունքներով ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Որպես նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոն նշվել է այն հանգամանքը, որ Ամուլսարի տարածքում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված «Ապոլո» տեսակի թիթեռ, ինչպես նաև կրկին Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» տեսակի բույս:


