▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենա՞ն է, որ քեզ պետք է գեղեցկացնի. ՀՀԿ խմբակցության գեղեցկուհիների «անիվային» ճաշակը

Ազգային Ժողովը, հուրախություն մեզ, մայիսյան ընտրություններով հարստացավ կին պատգամավորներով էսթետիկական առումով բարձրացնելով խորհրդարանի մակարդակը: Թե ինչ ֆինանսական միջոցներ, շարժական ու անշարժ գույք ունեին մեր հին կին պատգամավորները, դա ժողովրդին քիչ թե շատ արդեն հայտնի է, բայց այ գեղեցիկ սեռի նորընտիր մեր օրենսդիրները, հիրավի, նորություն են ուրիշի ունեցվածքը հաշվել սիրող հայ հասարակության համար:

Պատգամավորական մանդատը կրող թույլ սեռի ներկայացուցիչների ունեցվածքը, ճիշտ է, չենք փորձի մենք հիմա հաշվել, բայց թե ինչպիսի մեքենաներով են նրանցից ոմանք երթևեկում, ինչպիսի «անիվային» ճաշակ ու հնարավորություններ ունեն, օրինակ` ՀՀԿ խմբակցության երեք գեղեցկուհիները` ներկայացվող հրապարակման մեջ:

Ի վերջո, կանանցով հարստացած խորհրդարանում միայն տղամարդիկ չեն, որ ունեն ճաշակ և ֆինանսական կամ վարորդական հնարավորություններ`ավտոմեքենա ունենալու և վարելու համար: Նրանցից հետ չեն մնում նաև նրանց կին կոլեգաները:
Շուշան Պետրոսյանն, ով ՀՀԿ-ի օգտին քվեարկած ժողովրդի թեթև ձեռքով երգի բեմից հեշտությամբ տեղափոխվեց խորհրդարանական բեմ՝ իր ձայնային տվյալները ցուցադրելով արդեն քաղաքական բարձր ամբիոնից, ԱԺ է ժամանում գերմանական արտադրության թանկարժեք ու շքեղ ամենագնացով՝ Porsche Cayenne-ով:
ավտո1
Հայերի սիրելի Cayenne-ը, սակայն, Շուշանին ՙժառանգություն՚ է մնացել սիրելի ամուսնուց: Նախկինում այդ մեքենան կրում էր հասարակ քաղաքացիական, բայց ոչ հասարակ պետհամարանիշներ, և կարելի էր ղեկին տեսնել Շուշանի ամուսնունª Արմանին: Այժմ Արմանի Porsche-ն կրում է պատգամավորական՝ 052 օօ 11 պետհամարանիշ և սպասարկում է պատգամավոր կնոջը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ այս Porsche Cayenne-ը, իրականում լինելով բազային կոմպլեկտավորմամբ, արտաքնապես կրել է որոշակի փոփոխություններ՝ հասարակ Cayenne-ից դառնալով Cayenne Turbo: Տաբերությունն այն է, որ բազային տարբերակում Cayenne-ը կրում է հասարակ 3.6 լիտրանոց V6 շարժիչ, մինչդեռ Turbo-ն ենթադրում է կրկնակի տուրբոներմղիչներով 4.8 լիտրանոց շարժիչ՝ 500 ձ/ու հզորությամբ և, իհարկե, գնի զգալի բարձրացում: Փաստորեն, Շուշան Պետրոսյանը երթևեկում է համեստ ուժային, բայց ճոխ արտաքին տվյալներով համալրված բավականին թանկարժեք ամենագնացով: Այսպիսի խորամանկություններ, իրականում, մեր ցուցամոլության հակված ազգի մեջ առաջին անգամ չէ, որ կարելի է հանդիպել:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, միաժամանակ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանը, ով թե՛ լսարանում, թե՛ խորհրդարանում աչքի է ընկնում իր բրենդային և ճաշակով հագուկապով, այժմ վարում է ավտոաշխարհում ՙբնապահպանական բրենդի՚ համարում ունեցող հիբրիդային Toyota  Prius ավտոմեքենա, որի գինը Հայաստանում կազմում է մոտ 15.000.000 դրամ: Prius-ն առանձնանում է նրանով, որ, ի տարբերություն, օրինակ Շուշանի ծախսատար ու հզոր Cayenne-ի, ունի հիբրիդային ուժային ագրեգատ՝ բաղկացած բենզինային և էլեկտրական շարժիչներից, և ապահովում է վառելիքի ծախսի ու վնասակար նյութերի արտանետման բավականին ցածր մակարդակ: Մեքենայի վրա փակցված են թվերի ոչ այդքան գեղեցիկ համադրությամբ 074 oo 11 պատգամավորական պետհամարանիշ: Սակայն, նորաթուխ պատգամավորուհին մայիսին ԿԸՀ-ում հայտարարագրել էր Nissan Tiida մոդելի ոչ շատ ճաշակով և բրենդային ավտոմեքենա` միջին դասի և արժողության: Արփինեն, փաստորեն, դեռևս միակ պատգամավորն է, ով հզոր ու ծախսատար սեդանների ու ՙջիփերի՚ փոխարեն նախընտրել է էկոլոգիապես քիչ վնասակար «բնապահպան» ավտոմեքենա` հավանաբար այդպիսով ընգծելով նաև իր «բրենդային» վերաբերմունքն ու իմիջը շրջակա միջավայրի և ավտոմեքենաների հարցում:
ավտո2
Այս երկու մեքենաների «ոսկե միջինը» բաժին է ընկել ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցած ՄԻԱԿ, բայց ոչ միակ գեղեցկուհի Նաիրա Կարապետյանին: Նրա «կանացի-վարորդական» ձեռքերին է հանձնված 2012 թվականի արտադրության բավականին ճաշակով և ոչ այդքան թանկարժեք սպիտակ Kia Sportage թեթև արտաճանապարհայինը: Այն կրում է 004 օօ 11 պատգամավորական պետհամարանիշ: Նաիրայի ավտոմեքենան աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, ժամանակակից դիզայնով և, միաժամանակ, բավականին տնտեսող և ոչ հզոր շարժիչով: Մինչ այս նա  ավտոմեքենա չի ունեցել և, իր խոսքերով, ավտոմեքենան նվեր է ստացել հոկտեմբեր ամսին ծնողներից` ծննդյան 35-ամյակի կապակցությամբ: Այդ է պատճառը, որ Նաիրա Կարապետյանը մայիսին որևէ ավտոմեքենա չէր հայտարարագրել, քանի որ այդ ժամանակ նա դեռևս մեքենա չուներ:
ավտոո
Ավտոմեքենաներով, իհարկե, հնարավոր է քիչ թե շատ պատկերացում կազմել մեր պատգամավորների ֆինանսական միջոցների մասին՝ բավարարելով հասարակության հետաքրքրությունները, սակայն, այս դեպքում, հարցը նրանց «փոխադրամիջոցային» նախընտրություններն էին, որոնք նորովի են ներկայացնում ԱԺ  ամբիոնը իրենց տեսքով ու ելույթներով զարդարող մեր կին օրենսդիրների քաղաքացիական կերպարն ու  իմիջը:


Նյութը` Մարդիկ.am-ից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին