armtimes.com-ը գրում է. Ժամեր առաջ լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել: Ինչպես մեր զրույցում ասաց լրագրողը՝ իրենք ընդամենը նյութի համար գնացել էին շինությունը նկարելու.
«Մեր ունեցած տեղեկություններով դա Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունն է, որը հետաքրքրություն էր առաջացրել: Հետաքրքիր թեմա էինք համարել, փորձում էինք լուսանկարահանել եւ հասկանալ, թե իրականում ինչ են էդտեղ կառուցում եւ ինչ է կատարվում»,-մեր զրույցում ասաց լրագրողը:
Գայանե Զարգարյանն ասաց, որ Սարգսյանին պատկանող տարածքից դուրս են եկել երկու երիտասարդ, ովքեր սկզբում բռունցքներով հարվածել են իրենց մեքենային, ապա 90 005 համարանիշով սև գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով սկսել են Արարատի մարզի Կանաչուտ համայնքից մինչեւ Երեւան հետապնդել իրենց՝ փորձելով վթարային իրավիճակ ստեղծել: Նշենք, որ Ալիկ Սարգսյանին պատկանող շինությունը գտնվում է հենց Կանաչուտ համայնքում, որտեղ էլ լրագրողը փորձել է լուսանկարներ անել:
«Երբ պատրաստվում էինք տեղից շարժվել, մեքենայի հետեւից մոտեցան ու բռունցքներով սկսեցին հարվածել մեքենային, ուզում էին կռվի մեջ ներքաշել, բայց մենք շարժվեցինք: Իմ տեղեկություններով նրանցից մեկը Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է»,- ասաց Գայանե Զարգարյանը:
Ինչպես նշեց վերջինս՝ ինքն այդ պահին նկարահանել է հետապնդումն ու վթարային իրավիճակ ստեղծելու պահերը:
Կայքի հարցին՝ հնարավո՞ր է այս միջադեպը կապ ունի իր եւ Ալիկ Սարգսյանի՝ նախկինում ունեցած այն կոնֆլիկտի հետ, երբ Սարգսյանը պնդում էր, թե լրագրողն իր դեմ պատվերով հոդվածներ է գրում, Գայանե Զարգարյանը պատասխանեց.
«Ես ուզում էի իմանալ՝ Ալիկ Սարգսյանն ինչպես է իր այդքան մեծ կապիտալը ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանինը գոնե գիտեինք, բայց ես ուզում էի իմանալ՝ Ալիկ Սարգսյանն ակորդեոն նվագելով ու «Դոլյա վառավսկայա» երգելո՞վ է այդքան ունեցվածք ձեռք բերել»:
Զարգարյանը մեր զրույցում ասաց, որ եթե այս միջադեպը չլիներ, ինքը պատրաստվում էր նաեւ նկարահանել Սարգսյանի մյուս ունեցվածքները.
«Ես պատրաստվում էի նաեւ նկարել նրա ունեցած կապիտալը Արարատում, Երեւանում: Պատրաստվում էի ճշտել՝ քանի՞ տեղ է տներ ձեռք բերել, մինչեւ անգամ հասնել Չեխիա: Եթե հասնեի Չեխիա, Սերգեյիչը կարող էր մի երկու մուսկուլավորի էլ գործուղել արտերկիր: Նա թող իր ականջին օղ անի, որ Գայանե Զարգարյանը ո՛չ ալիկներից, ո՛չ մկներից, ո՛չ ակորդեոնիստներից վախենալու, մտածելու որեւէ խնդիր չունի: Իրենք չեն կարողանալու էս ճանապարհով լռեցնել ինձ կամ ճնշում գործադրել որեւէ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա: Սա ես համարում եմ ստորության ու թուլության դրսեւորում, ինչը տղամարդուն անհարիր է»,-ավելացրեց Զարգարյանը:
Մեր հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ եք ոստիկանություն, Գայանե Զարգարյանն ասաց.
«Ես հաղորդում ներկայացրել եմ նյութի տեսքով, անդրադարձել եմ միջադեպին եւ գրել, որ ՀՀ Ոստիկանությանը, Քննչական Կոմիտեին, ՀՀ Գլխավոր դատախազությանը խնդրում եմ այդ հրապարակումն ընդունեն որպես հաղորդում՝ հանցագործության մասին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում