2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այսօր Աժ հատուկ նիստի ժամանակ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները:
Երդման արարողությունից հետո Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ հայրենի հողում գտնվելն այնպիսի զգացողություններ է առաջացրել, որ չի էլ կարողանա արտահայտել դրանք, իսկ երդման արարողությունը կրկնապատկել է ուրախությունը:
-Պարզ էր, սրտաբուխ: Բոլոր հարցերին ուղղակի ու անուղղակի կերպով մոտենալը հուսադրեց: Նորանշանակ նախագահը Սփյուռքի խնդիրներից տեղյակ է, հավատացած եմ, եղած ավանդույթները կշարունակի,-նշեց Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմին.
-Արցախը մեր սրտում է: Ոչ միայն նյութապես օժանդակում ենք, այլև մեր կյանքն ենք պատրաստ զոհել հանուն հայրենիքի: Արցախի ժողովուրդը մեզ սովորեցրել է՝ նա, ով իր հայրենիքին տեր է կանգնում, անպայման հաղթում է: