▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր սպասումի բարակած թելը

Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ։
Ե. Չարենց

Բառերն ապրում են, նրանք հիշողություն ունեն, գույն ու կենսագրություն։ Որոշները երկար են ապրում, որոշները՝ կարճ ու չպահանջված, որոշները՝ տեղին ու ստույգ։ Բառերը կարող են նաև ձմեռային, ցուրտ գիշերվա սառույցի պես դաղել, կամ՝ խաղաղեցնել ինչպես մայիսյան վաղորդայնի ցողը։ Որոշ բառերի բախտը չի բերում. կենսագրության ու աշխարհագրության բերումով նրանք կարող են նաև արժեզրկվել, նույնիսկ ոտնատակ ընկնել։ Գուցեև մխիթարենք մեզ էլ, բառերին էլ՝ ասելով, թե մեր օրերում ի՛նչը չի արժեզրկվել, բայց ընդամենը...
Արժեզրկված բառ-գաղափարների առաջնորդը ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ բառն է, ականջներիս այդքան մոտիկ, նյարդայնացնելու չափ մոտիկ ու մեր իրականությունից անհասորեն ու ցավալիորեն հեռու, մեկընդմիշտ հեռու....
Մեր քաղաքական իրականությանը, հատկապես ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերին ամենից շատ միասնականությունն է պակասում։ Այս մասին խոսում են և գիտեն բոլորը. առանց խելքի ճիգի էլ հասկանալի է։ Վերջին ընտրություններին իրենց ընդդիմադիր համարող ուժերին հենց այս անունակության համար էլ պատժեց ընտրողը։ Որոշները նույնիսկ գիտակցված գնացին ձախողման՝ միասին լինելու իմունիտետի բացակայությամբ, իրենք իրենց հաղթահարել չկարողանալու, քաղաքական էգոիզմի կամ թվացյալ ու սպառված «պրագմատիզմի» արդյունքում ապահովելով սեփական պարտությունը։
Մեր անկախության այս 20-22 տարիներին ընդդիմության միասնականության առանձնապես հաջողված նախադեպ դժվարանում եմ հիշել, թերևս ֆորմալ իմաստով 1996-ին, երբ ընդդիմության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր։ 
Միասնականության մասին զրույցներն ու ձգտումներն առայժմ Չարենցի՝ այլևս իբրև բոլոր ժամանակների համար խարան հնչող պատգամից անդին չեն անցել:
Ցավալին ու մաշեցնողն էլ այն է, որ գրեթե բոլորը գիտակցում են միասնականության անխուսափելիությունը ու շարունակում իրենցից դուրս տեսնել չմիավորվելու, չհասկացվելու, չհաջողելու կամ պարզապես ձախողվելու պատճառը։ Իսկ արդյունքում տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժումների մեջ մաշվում ու օգտակարության ցածր գործակցով արժեզրկվում են մարդիկ, անհատականություններ, առաջնորդներ, որոնք միասին լինելու պարագայում, իրենց նվիրումի ու կարողունակության բերումով կծառայեին Հայաստան պետությանը, մեզ՝ ժողովրդին։ Ու մաշվում է երկիրը, մաշվում ենք բոլորս, մաշվում է մեր բզկտված համբերությունը։
Անցնող շաբաթ ազգովի Շուշիի ազատագրման օրն էինք նշում՝ մեր անհորիզոն ու ունայն իրականության մեջ մեզ միավորող թերևս միակ շոշափելի հաղթանակը։ 
Հաղթանակի շքերթի ու ծնծղանարի ձայնը չմարած՝ Ազատության հրապարակում իրենց արժանապատվությունն էին որոնում այդ նույն հաղթանակի հերոսները, ազատամարտի մասնակիցները. նրանք ժամանակից շուտ ծերացած են, կքված մեջքերով, դեմքներին աներազ ու լեղի կյանքի կնիք, հնամաշ շապիկներին՝ մեր «հավաքական» գոյամարտը փաստող մեդալներ։ Նրանց ուզածը հաղթանակի փառք չէ, ոչ մանդատ և ոչ էլ պաշտոն, ընդամենը՝ շիտակ մեջքով գոյություն, ընտանիք պահելու հայ տղամարդու հնարավորություն։
Իսկ մինչ այդ, հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու երկրի անստույգ ընթացքը խմբագրելու համոզումով, ինքն իր հետ ու մենակ, Գյումրիից ճանապարհ է ընկել Նախախորհրդարանը։
Ճիշտ այս օրերին, դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, իր վերածնունդն է հայտարարել ՀՀ առաջին նախագահի կողմից «գեղի կլուբ» պիտակված, բայց հաստատ ժամանակին այդ նույն նախագահի համար լուծումներ, ելքեր ու իշխանություն ապահոված Հայոց համազգային շարժումը։
Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու ինչ անելու որոնումներում այս օրերին վերկուսակցական կլոր սեղանի է հրավիրում Րաֆֆի Հովհաննիսյանը։
Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, էլի այս օրերին սեփական բացթողումները վերատեսության ենթարկելու խոստում է տալիս Դաշնակցությունը։
Ու դարձյալ այս օրերին, հայ ժողովրդի հավաքական ուժի, այս պարագայում նաև «օգուտի» մասին մտածելով, որոշների համար ուշացած խոստովանություն է անում Ծառուկյանը, նույնն է թե ԲՀԿ-ն. «Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել»։ 
Երևի էլի այս մտածումով է նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 14-ին միասնական աղոթքի հրավիրում ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն։ Ու մինչ հայ քաղաքական ու տնտեսական (որ նույնն է) խայտաբղետ վերնախավն աղոթում է՝ հաստատ պարկեշտության, միասնականության ու բարոյականության սեփական և ոչ երբեք Սուրբ Գրքի ընկալումների ու բանաձևի շրջանակում, «աղոթքի եկած ժողովուրդը» սպասում է վերնախավի հեռանալուն։ Ու նա ոչ թե եկեղեցու խորանին կամ Տիրոջը մոտ լինելու սպասումով է, այլ տերերի թողած սեղանին հարձակվելու։
Մինչ մենք բոլորս՝ պատմությունից դաս չառնելով, մեր տկար ու կարճ իմաստնությամբ ազգովի մտածում ենք, մտածում, մաշվում է երկիրը... բարակում սպասումի թելը։ 
Եվ որքան էլ արժեզրկված, այնուամենայնիվ, միասնականության հանրային ու քաղաքական պատվերը կա, չի կարող չլինել այն պարզ ճշմարտությամբ, որ իրավունք չունենք սպանելու ըղձական երկրի ու հայրենիքի հեռանկարը։
Իսկ այս կորուստների ու սպասումի դադարի մեջ շատ դժվար է ասել, թե ու՞մ, ո՞ր քաղաքական ուժին կհաջողվի բովանդակային, բարոյական ու քաղաքական արժեքների ու խնդիրների շուրջ միասնական օրակարգ ձևավորել, նախագծել դրանց իրականացման ճանապարհը։

Լիլիթ Գալստյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին