▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացված․ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ:

ՔԿ փոխանցմամբ, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը և 2 ուղևորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ գնահատվում է ծանր։
Կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվել է դեպքի վայրի և վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:

Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

***

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա, մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին