Մալդիվների Հանրապետության նախագահի թեկնածու եւ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը հայտարարել է, որ լուրեր են հասել` իրեն սպանելու նպատակով դավադրության մասին:
Մոհամեդ Նաշիդը շատ է մտահոգվել` լսելով ընտրությունների նախաշեմին երկրում Արթուր եղբայրների գտնվելու մասին. news.am-ն է գրում այս մասին` հղում անելով Haveeru Online-ին:
«Վերջին շրջանում մենք լսեցինք Հայաստանից Արթուր եղբայրների` Մալդիվներում գտնվելու մասին, ովքեր պատմություն են ունեցել Քենիայում: Ոստիկանությունը մեկնաբանել է դա: Այդ անձանց հետ կապված բազմաթիվ հաղորդագրություններ կան, այդ թվում ` մահափորձի, սպառնալիքների մասին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել: «Արթուր եղբայրներին» անվանվել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»: