▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ, նեղացել եմ բախտից ու Աստծուց. Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը Instagram-ի իր էջում գրառում է արել.

«Իշխանություն» ֆիլմի մասին լսեցի ու կարդացի բազմաթիվ վերլուծություններ: Շնորհակալ եմ բոլորին անդրադարձի, ջերմ խոսքերի ու անկեղծ վերլուծությունների համար:

Ինքս ինձ երբեք չեմ համարել տաղանդավոր կամ ամենալավ դերասանուհի (հիմա էլ նույն կարծիքին եմ): Հանրային մարդ դառնալու նպատակներ չեմ փայփայել, ընդամենը, ուզել եմ թատրոնում լինել: Թատրոնն ինձ հետ միշտ եղել է անկեղծ, երբեք զուր հույսեր չի ներշնչել: 5 տարի միջակից ցածր դերասանի կարգավիճակից հետո, հարցին` թե ես ինչո՞ւ դեր չեմ ստանում, կրկին անկեղծ թատրոնն ասաց` գնա, դու շատ ես ։ Ես համառորեն մնացի ևս 6 տարի:

 

Թատրոնն իր գլխից ինձ «ռադ անելու» համար փորձեց ավելի գայթակղիչ ուղղություն ցույց տալ կամ գուշակելով, որ էնտեղ ինձնից մի բան դուրս կգա կամ համոզված լինելով, որ չեմ հաջողելու ասաց՝ գնա կինո: Սեփական կատու չունենալու, դատարկ գրպանի ու կինոյի մասին զրո գիտակցությամբ հպարտ գնում էի կինո, կինոն չկար, բայց կար Աստված: Միշտ եղել է և կա լրացնելու դաստիարակությանս բացերը: Ապացուցելու, որ մարդը միանշանակ չէ:

Ես էլ բոլորի պես դատարկել եմ իմ բաժին դառը բաժակները, կուլ տալով, չհաշտվելով իրականության հետ: Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ նեղացել եմ հարազատ մարդկանցից, ընկերներից, պետությունից, բախտից ու Աստծուց: Աստծո դեմ կռիվ եմ հայտարարել, Աստծո տունը կռվադաշտ եմ համարել ու զինվել մարդկային ամենավերջին այլանդակ պահվածքով ու բառապաշարով։ Աստծո տան վրա կռիվ եմ գնացել, ամեն անգամ վստահ լինելով, որ այս անգամ դուռը չի բացի ու իր արհամարհանքով վերջ կդնի իմ անիմաստ գոյությանը: Միշտ հյուրընկալ ու բաց եմ գտել դուռը, օդն օծած ինձ ծնկի բերող, զինաթափող ու ապրեցնող խնկաբույրով: Աստված գիտի, որ կոտոշ եմ, սկզբունքային, բայց շարունակում է ինձ սիրել ու երես տալ իր նվերներով: Տվել է ամենացանկալին՝ իմ խելագար տեսակը սիրող մեկին, ու հիմա ես վայելում եմ քաղցրահամ ջրի իմ բաժակը՝ անհատակ ու կենարար

Առանց տրտնջալու խմեք ձեզ բաժին ընկած դառը բաժակները, դրանք ձեզ պատժելու համար չեն: Հավատացեք, լավ կյանքից չէ, որ դերասան են դառնում: Լավ դերասան դառնալու միակ նախադրյալը ուշադիր ապրելն է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին